Գարնանը թուրքերը մարդաորս են սկսելու. Շուռնուխի համայնքապետ

Գարնանը թուրքերը մարդաորս են սկսելու. Շուռնուխի համայնքապետ

Ինչպես քիչ առաջ հայտնեցինք, այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց Շուռնուխում նոր թաղամաս կառուցելու համար հատկացնել 470 մլն դրամ: ԼՈՒՐԵՐ.com-ը այս թեմայով զրուցելու համար կապ հաստատեց Շուռնուխի համայնքապետի՝ Հակոբ Արշակյանի հետ, որն ասաց՝ առանձնապես հույս չի կապում կառավարության հետ, միայն մեկին է վստահում. «Եթե կարողանան կազմակերպել ու շնորհքով վերջնական ավարտին հասցնեն այդ թաղամասը՝ իր 12 տներով՝ այն, ինչ խոստացել է կառավարությունը, շատ լավ կլինի: Գյուղացին ոչինչ չի ուզում իշխանությունից, անգամ դրամական աջակցություն։ Նա իր տունն է ուզում: Այնպես չէ, որ իմ վստահությունը Կառավարության հանդեպ կրկնապատկվել է կամ եռապատկվել: Ես հավատում եմ միայն հանձնաժողովի ղեկավարին՝ Ռոբերտ Ղուկասյանին: Ես հավատում եմ այս տղային, ոչ թե Կառավարությանը»,- նշեց Շուռնուխի համայնքապետը:

Մենք հետաքրքրվեցինք նաև, թե ինչ տրամադրություն է տիրում բնակչության շրջանում։ Կա՞ արդյոք խուճապ։ Համայնքապետը պատասխանեց, որ որևէ փոփոխություն իրենց մոտ չկա. «Բնակչության մոտ ստաբիլ նույն լարված իրավիճակը պահպանվում է, որևէ փոփոխություն չկա մեզ մոտ: Ժողովուրդը հուսալքված է, արդեն վերաբնակեցված ճանապարհի վերևում մեր երեխեքն են, իսկ ճանապարհի ներքևում թուրքն է։ Այս խնդիրն է, որ չի կարգավորվում»,- ասաց համայնքապետը:

Նա ասաց, որ թշնամու հետ միևնույն տարածքում գտնվելու հետևանքով՝ չի բացառում ոչինչ․ նրանք պատրաստ են ամեն ինչի. «Հնարավոր է՝ դու ճանապարհը անցնելիս լինես, ու քեզ թուրքը կանգնացնի, 4 մատ ցույց տա, ասի՝ դե գնա: Հենց գարունը գա, ու ծառերը սկսեն կանաչել, երկկողմանի անտառի այդ հատվածում հնարավոր է՝ թուրքերը մարդաորս սկսեն, դա եղել է նաև 1992 թվականին»,- նշեց Հակոբ Արշակյանը:

Համայնքապետը հավելեց, որ թշնամին միտք ունի պարբերաբար առաջ գալու. «Ախորժակը ուտելիս է բացվում, դրանք էլ ունեն այդ հատկությունը: Եթե նորից մի հատված տանք, իրենք էլի ու էլի նոր տարածքներ են ուզելու: Նրանք արդեն ամբողջ Հայաստանը իրենցն են համարում, բայց սա վերջն է․ կամ կգան կասեն՝ ինքնասպան էղի, կամ ճակատիդ կփորագրեն իրենց ուզածը։ Ոչ թե կգրեն, այլ կփորագրեն»,- եզրափակեց համայնքապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում