ԿԳՄՍ նոր նախագծով դիմորդը կարող է միայն 1 մասնագիտություն հայտագրել

Նմանատիպ
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու մասին» կառավարության 2012 թվականի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նախագծով սահմանվում է, որ բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է հիմնական եւ լրացուցիչ փուլերով: Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է բացառապես մեկ մասնագիտության (անվճար եւ վճարովի) հայտագրմամբ:
Գործող կարգի համաձայն՝ դիմորդները դիմում-հայտում հայտագրում են մինչեւ 2 անվճար եւ մինչեւ 8 վճարովի մասնագիտություն: ԿԳՄՍ-ից հայտնում են, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 5-րդ, 6-րդ տեղերում հայտագրված մասնագիտություններով բուհ ընդունվում են շատ քիչ դիմորդներ, իսկ 7-րդ տեղից հետո հայտագրված մասնագիտություններով ընդունելություն լինում է գրեթե բացառիկ դեպքերում:
Առաջարկվող կարգով՝ դիմորդն ընդունելության դիմում-հայտում լրացնում է բուհերի բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի եւ մեկ մասնագիտության անվանումը, տվյալ մասնագիտությամբ սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները:
Հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:
Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհերի մինչեւ վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկաներից դիմորդն ունի դրական գնահատականներ, եւ այդ մասնագիտություններում (անվճար եւ վճարովի) առկա են թափուր տեղեր:
Նախագծով նաեւ ամրագրվում է հայտագրման, փաստաթղթերի ներկայացման առցանց եղանակը՝ ընդունելության քննությունները կազմակերպող եւ անցկացնող Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կայքի միջոցով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում