Ապրելու համար կամք է պետք

Ապրելու համար կամք է պետք

Կյանքը պայքար է, ամեն օրը՝ մի նոր փորձություն: Մեզ ոչինչ հենց այնպես չի տրվել ու չի տրվի, եթե չսովորենք պայքարել, ձգտել, հաղթահարել ու վերջապես՝ վայելել սպասված արդյունքը:

Այդ ճանապարհին մեզանից շատերը հուսալքվում են, կորցնում ապրելու ցանկությունը, կյանքի հանդեպ լավատեսությունը, Աստծո հանդեպ հավատը։

Պայքարելու կարողությունը կյանքի գլխավոր պայմանն է: Այդ ճանապարհին դառնում ենք ուժեղ, համարձակ, ինքնավստահ մեկը, ում անհնար է այլևս կոտրել կամ ցավեցնել:

Գուցե շատ անգամներ հիասթափվենք, սեփական բախտից դժգոհենք, միայնակության զգացումով լցվենք, բայց մի օր կհասկանանք, որ Աստված ինքն է այդպես կամեցել, հետո Նրանից շնորհակալ կլինենք արածի ու չարածի, տվածի ու չտվածի համար:

Շատերս մտածում ենք՝ Աստված մեզ չի սիրում, կամ պատժում է՝ փորձության մեջ դնելով։ Իրականում, Տերը միշտ ձեռք է մեկնում մարդուն, ով անդադար փորձում է հասնել որևէ բանի, սակայն անհաջողության է մատնվում: Ամեն քայլափոխի կարող ենք սխալներ գործել, կարևորն այն է, որպեսզի գիտակցենք այդ ամենը, փորձենք ամեն սխալի հետ շտկվել, կատարելագործվել, չվախենալ ճշմարտության աչքերին նայելուց ու կարևորը՝ սովորել Աստծուց ներում հայցել:

Քրիստոնեական կյանքն ազատության կյանք է. ազատ մեղքից, ազատ՝ ապրելու Աստծո կամքով։ «Ապա եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողի մեզ և սրբի մեզ ամեն անիրավությունից (Ա Հովհաննու 1.9)։

Մեր հաղթությունն այն է, որ տեսնենք սխալները, ընդունենք դրանք, ձգտենք պայքարել մեղքի դեմ, փոխվենք, աստիճանաբար դառնանք ավելի հղկված և լուսավոր, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Թեպետև մեր այս արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է» (Բ Կորնթ. 4.16):

Ուստի, մեր խնդիրն է տեսնել մեղքը, ձգտել ուղղվել և փոխվել՝ սա է մեր հոգևոր պատերազմի հաղթության գրավականը։ Միայն Աստծուն ճանաչելով՝ և Նրա հանդեպ ունեցած մեր վստահությունը զորացնելով, կկարողանանք հավատքի ուղին անցնել արժանապատվորեն:

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում