72 օր լուր չունենալով մենք վստահ էինք, որ Տիկոս ողջ, բայց ավաղ…

72 օր լուր չունենալով մենք վստահ էինք, որ Տիկոս ողջ, բայց ավաղ…

Էլեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից.

«ԻՄ ՍՐՏԻ ԲԱՑ ՎԵՐՔ

Համբարձումյան Տիգրան Արսենի

Ծնվել է 20.09.2001թ. Ք.Երևան։

Դպրոցից հետո ընդունվել է ԵՊՏՀ Կառավարման բաժին և այնուհետև մեկնել ծառայության։
Իմ եղբայրը եղել է այն հերոսներից մեկը,ով կյանքի մինչև վերջին վայրկյանը պայքարել է թշնամու դեմ։ Եղբայրս մեկնել է ծառայության 21.07.20թ. Ջաբրաիլ։

Իր տեսակով նա եղել է լուսավոր,միշտ ժպիտը դեմքին,շատ ընկերասեր,խիզախ,ազնիվ,բարի,հոգատար,առաջինը օգնության հասնող(դուխով,ջիգյարով),շատ մեծ շրջապատի տեր անձնավորություն,ընկերական շրջապատում լիդեր էր,իրական ընկեր ու եղբայր ում կողքին դու միշտ պաշտպանված ես եղել,իր տարիքին համեմատ նա շատ մեծ էր երևում թե մտածելակերպով,թե տեսքով և թե վարքով։ Եթե դրսում ինչ-որ խնդիր էր տեսնում առաջինը նա էր օգնության հասնում։ Ընկերները նրա համար շատ թանկ էին և նա պատրաստ էր կյանքը տալ հանուն ընկերների։ Իր կողքով քայլելիս ինձ միշտ պաշտպանված էի զգում։ Միշտ ինձ ուղեկցել է իմ կյանքի ամենակարևոր պահերին,ինձ թև ու թիկունք է եղել չնայած նրան,որ ինձնից տարիքով փոքր է եղել։ Բոլորի բարձր տրամադրությունը նա ապահովվում էր իր ժպիտով,իսկ հիմա`իրենից հետո այդ ուրախությունն ու ժպիտը կորել է։ Նրա ծիծաղը ականջներումս է,ժպիտը`աչքիս առաջ ու նրա խորհուրդները`հիշողությանս մեջ։ Մենք շատ կապված էինք իրար հետ,նույնիսկ կիսվում էինք ամեն հարցում,միշտ խորհուրդներ էր ինձանից հարցնում աղջիկների հետ կապված։ Եթե իմանար,որ ինչ-որ բանով նա կարող է օգնել իր ընտանիքի անդամներին կամ ընկերներին,բայց դա անելով իրեն վնաս կպատճառեր նա դա կաներ։ Եղբորս 19-ամյակին`սեպտեմբերի 20-ին ընտանիքիս անդամները անակնկալ ձևով գնացին Ջաբրաիլ նշելու նրա ծննդյան տոնը։ Այնքան շատ էր ուրախացել տեսնելով իր ընտանիքի անդամներին և փոքր եղբորը։ Երբ խոսում էր մայրիկի հետ ասում էր`«Մամ երբ գաք Արմանչոին հետներդ կբերեք շատ եմ կարոտել»։ Հանդիպման ժամանակ այնքան ամուր էր գրկել իր ընտանիքի անդամներին `ասես գիտակցում էր,որ վերջին անգամ էր գրկում նրանց։ Աչքերում թախիծ և տխրություն կար։ Ես ինձ կյանքում չեմ ների նրա համար,որ չկարողացա եղբորս ծննդյան օրը գնալ և տեսնել նրան։ Երբ զանգել էի շնորհավորելու նրա ծնունդը նրան ասացի.

-Տիկ քեզ շատ եմ կարոտել անպայման գալու եմ քեզ տեսնեմ

Իսկ նա ինձ ասաց.

– մեռնեմ ջանիդ ես էլ ձեզ եմ կարոտել, բայց այս անգամ ես կգամ, դուք էլ պետք չի գաք։

Մի քանի օր հետո սկսվեց այդ չարաբաստիկ պատերազմը:Սեպտեմբերի 27-ին երբ սկսվեց պատերազմը նա դեռ 2 ամսվա ծառայող էր, սակայն `առաջին իսկ օրվանից նա եղել է առաջնագծում թշնամու դեմ պայքարելիս,բայց մեզ ասում էր,որ ամեն ինչ լավ է,որ նա նորակոչիկ է և նրան առաջին գիծ չեն տանում։ Ջաբրաիլից կռվելով և պայքարելով հասել է Հադրութ։ Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի10-ը մեզ հետ եղել է կապի մեջ և ասում էր «հաղթելու ենք,ամեն ինչ լավ կլինի չանհանգստանաք»։ Իր վիրավոր ընկերներին միշտ օգնության է հասել թեժ մարտերի ժամանակ իմանալով,որ կարող է կորցնել իր կյանքը,բայց փրկել իր ընկերներին, ցավոք նրանցից մի քանիսը նրա ձեռքերում մահացել են և նա այդ ցավը շատ ծանր էր տանում։ Երբ զանգում էր միշտ հարցնում էր ընկերների մասին, ճշտում էր արդյոք կա նրանց անունները ցուցակում թե ոչ։

Հադրութում շատ ծանր մարտերի էր բռնկվել թշնամու դեմ։ Մի քանի անգամ իր կյանքը փրկվել է մահից բայց վստահ էր,որ իրեն ոչինչ չի լինի և անձնազոհաբար կռվել է թշնամու դեմ բռնկվելով ձեռնամարտի և սպանել բազմաթիվ թշնամիների չնայած նրան,որ դեռ 2 ամսվա ծառայող էր և փորձ չուներ,նա վստահ էր,որ կհաղթի և եռանդուն ուժերով պայքարում էր պատերազմում։ Հոկտեմբերի 8-ի հեռախոսազանգի ժամանակ նա ասաց,որ իր պարտքն է կատարում և մինչև վերջ մնալու է մարտի դաշտում պայքարելով հայրենիքի սահմանների համար։ Հոկտեմբերի 8-ին Հադրութում դիրքեր բարձրանալուց առաջ իր զինակից ընկերներին ասել է`«Տղեք գնումեմ, սիրտս վատ բան է գուշակում, բայց գնումեմ ,որ չասեն Տիկոն փախավ , մինչև վերջ կռվելու եմ» չնայած նրան,որ եղբայրս բարձր ջերմությունով հիվանդ է եղել։

4 ընկերներով առանց հրամանատարի պայքարել են 80 հոգանոց Թուրքական բանակի դեմ,եղբայրս հրամանատարի դերը վերցրել էր իր վրա։ Նրանք պաշտպանել են 4 հոգու այդ 4-ը դուրս են եկել,իսկ նրանք չեն կարողացել դուրս գալ և մնացել են շրջափակման մեջ։ Հոկտեմբերի 10-ին ժամը 16:30 զանգահարել է հայրիկին

-Պապ ջան սաղ լավա,սաղ նորմալա չանհանգստանաք,ես ձեզ կզանգեմ:

Ժամը 18:00-19:00 հատվածում թեժ մարտերի է բռնկվել թուրքերի հետ և հենց այդ ժամանակ էլ իր կյանքը զոհել է Հայրենիքին։ Մինչև կյանքի վերջին վայրկյանը զենքը եղել է իր կողքին չնայած նրան,որ ոտքերից վիրավոր է եղել պայքարել է մինչև վերջ և երբ նրան գտանք իր զենքը իր կողքին է եղել: 72 օր լուր չունենալով մենք վստահ էինք,որ Տիկոս ողջ է և սպասում էինք նրա խոստացված զանգին։ Դեկտեմբերի 20-ին գտնում են նրա մարմինը հենց այն նույն տեղը որտեղ թեժ մարտերի է բռնկվել և վիրավորվել։ Սեպտեմբերի 27-ին ժամը 7:30 ես հաղորդագրություն գրեցի եղբորս «Տիկ,ո՞նց ես,կյանք խնդրումեմ պատասխանի էլի» ու այդպես էլ այդ հաղորդագրությունը անպատասխան մնաց մինչև այսօր։ Այն հեռախոսազանգի ժամանակ երբ եղբայրս ասաց -դուք էլ չեք գա ,ես կգամ։

Նա հենց այդպես էլ արեց։ Նա եկավ, սակայն այն սպասումներով չէ ինչին սպասում էինք։ Չնայած նրան, որ չենք հավատում,որ նա էլ մեր հետ չէ ֆիզիկապես, միշտ զգում ենք նրա ներկայությունը մեր կյաքում։ Առաջ նա էր ինձ ծաղիկներ նվիրում,սակայն կյանքի չար կատակի հետևանքով այժմ ես եմ ծաղիկներ տանում նրա շիրիմին։ Մենք մինչ այսօր չենք կարողանում պատասխանել մեր փոքր եղբորը ` 5-ամյա Արմանչոին թե «պատերազմը վերջացել է, բա իմ ուժեղ ախպերս Տիկոն խի չի զանգում,խի չի գալիս»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում