Երեք զորավարժություն՝ վերջին երկու ամսում․ ինչի՞ է նախապատրաստվում Ադրբեջանը. 168.am

Երեք զորավարժություն՝ վերջին երկու ամսում․ ինչի՞ է նախապատրաստվում Ադրբեջանը. 168.am

Հետպատերազմյան Հայաստանում մինչ իշխանությունը զբաղված է ներքաղաքական ճգնաժամն իր օգտին լուծելու ուղղությամբ, Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են ամրապնդել Արցախյան երկրորդ մեծ պատերազմի իրենց հաղթանակները և նույնիսկ առաջ անցնել։

Մի շարք փորձագիտական շրջանակներ սա ամենևին պատահական չեն համարում. նրանք կարծում են, որ պարտված և թուլացած իշխանությունից հակառակորդները փորձելու են ստանալ այն, ինչին նույնիսկ պատմականորեն են ձգտել։ Դրանցից մեկը Զանգեզուրի ճանապարհն է, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անվանում է միջանցք և ջանում իրագործել հենց Զանգեզուրի միջանցքի պրոյեկտը, թեև ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա:

«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ: Փոխվարչապետներն արդեն քանի՞ անգամ են հանդիպել: Հիմա Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից: Հիմա Հայաստանը ցանկանում է խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք,- իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության 7-րդ համագումարի ժամանակ ասել էր Ալիևը՝ հավելելով,- Պատերազմի հետևանքներից մեկը, իհարկե, Զանգեզուրի միջանցքն է, որն այսօր քննարկման առարկա է դարձել: Զանգեզուրի միջանցքը պատմական նվաճում է: Այն փաստը, որ այս հարցն արտահայտված է եռակողմ հայտարարության մեջ, մեզ համար քաղաքական մեծ հաղթանակ է: Ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի գործունեության ուղղությամբ, կան բազմաթիվ առաջարկներ, տրանսպորտային և կապի բազմաթիվ նախագծեր արդեն իսկ քննարկվում են, և դա մեր հաջորդ պատմական հաջողությունը կլինի»:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանն ավելի են ամրապնդել ռազմական ոլորտում համագործակցությունը, հաճախակի են դարձել նաև համատեղ զորավարժությունները, ինչպես նաև միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանների վրա։ Վերջին երկու ամսում, փաստորեն, Ադրբեջանն ու Թուրքիան անցկացնում են 3 զորավարժություն։ Փետրվարի սկզբին Կարսում էին անցկացվել վերջին թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Իսկ մարտի 4-ին Թուրքիայի Ըսփարթա նահանգում մեկնարկել են հերթական հրամանատարաշտաբային վարժանքները։ Նշվում է, որ ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն ժամանել են Թուրքիա։ Զորավարժությունները կտևեն 6 շաբաթ։

«Մենք շարունակում ենք համագործակցությունն Ադրբեջանի հետ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»,- նշված էր հաղորդագրության մեջ: Հայտնի դարձավ նաև, որ մարտի 15-ից Ադրբեջանը կիրականացնի պատերազմից հետո առաջին մասշտաբային օպերատիվ-տակտիկական զորավարժությունները։

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց, թե պարզ է, որ օգտագործվում են ուժի բաղադրիչներ Հայաստանի նկատմամբ, որը դրսևորվում է թե՛ հռետորաբանությամբ, թե՛ զորավարժություններով։ Ըստ նրա՝ նկատելի և հասկանալի է, որ Ադրբեջանի հռետորաբանությունը պատերազմից հետո փոխվել է, սակայն միջանցքի ձևավորման, սահմանազատման ընթացքում ծագող խնդիրներին զուգահեռ՝ հռետորաբանությունը սրվում է, և դա լիովին արտացոլում է իրավիճակը, որ ռեգիոնում լարվածությունը լիովին չի պարպվել։

Նա նշեց, որ պատերազմից հետո սովորաբար պատերազմի մասնակից զինված ուժերը վերականգնման կարիք ունեն, իսկ զորավարժությունները՝ հատկապես Թուրքիայի հետ, նպատակ ունեն վերականգնել զինված ուժերի մարտունակությունը։

«Սպառնալիքի առկայության կամ բացակայության դեպքում Հայաստանը ևս պետք է ամեն գնով զբաղվի իր անվտանգային խնդիրներով և վերականգնելով բանակը, հատկապես, երբ խնդիրները պատերազմից հետո դարձան ակնհայտ, վերազինելով, երբ պարզ դարձավ, թե որ ուղղություններով է թերանում Հայաստանը։ Հատկապես, երբ հարևան գոտիներում զորավարժություններ են տեղի ունենում, դա զգոնության առիթ պետք է լինի, քանի որ ռազմական տեղաշարժ է տեղի ունենում, անկախ կանխատեսումներից՝ պետք է զգոն լինել»,- ասաց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, բոլոր հարցերը ներկայումս կարծես լուծվում են եռակողմ ձևաչափում։ Նոր մեծ պատերազմի հավանականությունը, ռազմագետի կարծիքով, ամիսներ առաջ ավարտված ծանր պատերազմից հետո քիչ հավանական է։

Մեզ հետ զրույցում մեկ այլ ռազմական վերլուծաբան՝ Պավել Ֆելգենգաուերը, ասաց, որ ադրբեջանական կողմն ըստ էության գոհ է այն ամենից, ինչ ստացել է պատերազմի հետևանքով, և դեռ պետք է վերականգնի այն տարածքները, որոնք գրավել է պատերազմի ընթացքում։ Վերլուծաբանի խոսքով՝ հաջորդ լուրջ ցանկությունը վերաբերում է Նախիջևանը կապող ճանապարհին, որի շուրջ բանակցություններ են ընթանում, և դա կարծես դանդաղում է ներքաղաքական խնդիրների պատճառով։ Այս ընթացքում, նրա կարծիքով, զորավարժություններն ուժի ցուցադրություն են, և ինչ-որ տեղ՝ մահակ Հայաստանի համար, որպեսզի նա չհրաժարվի այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք է բերել հրադադարի հայտարարությամբ։

«Ի սկզբանե էլ եղել են կասկածներ, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Ուժի ցուցադրությունն ուղղված է տարածաշրջանային բոլոր երկրներին, այդ թվում՝ Իրանին։ Իսկ զորավարժությունները ռազմական առումով սովորաբար ուղղված են զորքերի մարտունակությունը պահպանելուն, ինչը ներկայումս կարևոր է Ալիևի համար, որը կարողանում է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի, ինչպես նաև Թուրքիայի հետ։ Ղարաբաղի ուղղությամբ ռազմական գործողությունները ոչ մեկի պետք չեն, իսկ Հայաստանի ուղղությամբ՝ կհանգեցնեն խնդիրների Ռուսաստանի հետ, հատկապես, երբ քննարկվում է Հայաստանի արևելքում ռուսական ուժերի տեղակայման հարցը։ Բացի դրանից, ՀՀ տարածքը ռուսական երաշխիքների շրջանակում է, և ցանկացած ոտնձգություն դառնալու է խնդիր Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում՝ կասկածի տակ դնելով նույն այդ ապաշրջափակման բանակցությունները»,- ասաց նա։

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում