Բառի եւ գույնի համադրողը

Բառի եւ գույնի համադրողը

Ջուլիետա Մնացականյանը բարեհամբույր, ոգեւորվող, բազմաշնորհ, գովերգելուց շփոթվող անձնավորություն է։ Մասնագիտությամբ ինժեներ է, բայց խառնվածքով բանաստեղծուհի։ Գրում է, նկարում՝ համադրելով բառն ու գույնը։

ՀՀ ժողովրդական արվեստի, մշակույթի նվիրյալներից է, նրա կրողը, անխոնջ մշակը։ Հայ գրողների միավորման, Համահայկական երգիծաբանների միությունների անդամ է, բազմաթիվ ձեռագործ աշխատանքների հեղինակ։ Նաեւ՝ «Առաքելություն Հայաստան» հ/կ-ի անդամ է։

Ինչպես գրական, այնպես էլ կիրառական արվեստում նշանակալի ճանապարհ է անցել. անհատական ցուցահանդեսներ է ունեցել, մասնակցել բազմաբնույթ ցուցահանդեսների։

Կոլաժային եւ ձեռքի այլեւայլ աշխատանքներով հանդես է եկել կիրառական թեմաներով կազմակերպված ցուցասրահներում՝ հիացմունք պատճառել արվեստի երկրպագուներին։ Գրքերը լուսաբանվել են մամուլում, հաղորդվել ռադիոհեռուստատեսությամբ, քննարկվել գրադարաններում…

Հարուստ ներաշխարհի, հուշաշխարհի տեր է Ջուլիետա Մնացականյանը։ Նրա համար բառը գույն է, գույնը՝ բառ։

Այն մտավորականներից է, որոնք ինքնատիպ զգացողությամբ են արտահայտում իրենց երազանքները, մտորումները, որոնք դառնում են նրբահյուս, գողտրիկ, խոհափիլիսոփայական, քնարական բանաստեղծություններ, պատում, կտավ… Ասելիքը խորն է, թեմաները բազմազան։ Ստեղծագործություններում արտացոլված են կյանքի բազմագույն շերտերը։ Լավատեսությունը գերիշխող է, առինքնող, ապագայի նկատմամբ հույս ներշնչող։

Ծնողներին նվիրված ձոներգերը խոսում են ծնողասիրության, հայրենիքին նվիրվածը՝ հայրենասիրության մասին։ Ընդհանուր առմամբ՝ Ջ. Մնացականյանի արվեստը շնչում է մարդասիրությամբ։ Մարդու մեջ ուզում է տեսնել միայն բարին ու վեհը, հայի մեջ՝ ազգասեր լինելը, մեր արժեհամակարգը պահպանելը։

Ստեղծագործական բարեբեր ուղի է անցել բանաստեղծուհի-նկարչուհին։ Ընթերցողի սեղանին են դրվել «Երազանք, պատրանք, սպասում» (2001), «Ես լալիս եմ երջանկությունից» (2005), «Իմ աշխարհը» (2009), «Խոստովանանք» (2019)… «Տարանցիկ ներկա» բազմաբնույթ ժողովածուն շուտով լույս կտեսնի։ Հաջորդը՝ ընթերցողի համար հետաքրքրություններով լի, անակնկալ գիրք է լինելու։

Համահեղինակ է Աննա Չոբանյանի «Ուրախության դասագիրք», Սոս Ազիզյանի «Փնտրված հումոր», Արամ Քեթելճյանի կազմած երգիծական ժողովածուների։ Ձոներգերով հանդես է եկել ազգային հերոս Կարեն Դեմիրճյանին նվիրված «Լռության րոպե» գրքում։

Բանաստեղծուհու գրական գործունեությունը գնահատել, դրվատել են դոկտոր-պրոֆեսոր Վարագ Առաքելյանը, բանաստեղծուհի Նելլի Սահակյանը, բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը («Խորան լուսո» գրքի խմբագիրներ)… Իսկ լրագրող, հրապարակախոս, Արցախի կառավարության նախկին անդամ Գարեգին Ղազարյանը մշտապես ընդառաջել է, բարեկամական օգնող ձեռք հանդիսացել Ջուլիետայի ժողովածուների խմբագրական, հրատարակման… եւ այլ հարցերում։

Տիեզերական օրենքներով է առաջնորդվում բանաստեղծուհին։ Նա իր սրտից ու հոգուց ճառագած լույսերն է առատորեն բաշխում մարդկանց: Նկարում է, գրում՝ համադրելով բառն ու գույնը։ …Պատկերը ընդհանրացնելու ինքնատիպ մտածողություն ունի։ Զգացածը չի մանրամասնում, որպեսզի այն դիտողին, ընթերցողին ամբողջական տեսքով ներկայացվի։

Հոդվածի հերոսը օրերս հոբելյար դարձավ։ Երկար արեւ եւ ստեղծագործական վերելք արվեստագետին։

Վերապահված առաքելությունը շարունակելու ցանկությամբ՝ Լուսինե Թոփուզյան, Գոհար Խաչատրյան, Պայծառ Ջանյան…

Գուրգեն ԼՈՌԵՑԻ

Աղբյուր՝ Aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում