Ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանը չի ուզում դառնալ ՀՀ վարչապետ. նրա պարզաբանումը

Ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանը չի ուզում դառնալ ՀՀ վարչապետ. նրա պարզաբանումը

«Ես հարգում եմ օրենքը և համարում եմ՝ դա գիտակցված է արված»,- հարցին՝ ինչո՞ւ չի ուզում ՀՀ վարչապետ դառնալ Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում հրավիրված առցանց քննարկման ընթացքում հայտարարեց ձեռներեց եւ բարերար, Futures Studio-ի հիմնադիր գործընկեր, «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ Ռուբեն Վարդանյանը:

Ըստ նրա՝ պետք է ապրել այնպես, ինչպես դաշտն է ուրվագծված: Այնուհետև պարզաբանեց. «Նույնիսկ այն անձինք, որոնք Հայաստանում են ծնվել և չեն ապրում Հայաստանում, նրանք չեն կարող դառնալ վարչապետ: Իմ կամ մյուսի դուրը կարող է գալ, կամ ոչ, բայց դա այսօր օրենքն է: Ես շարունակում եմ ասել, որ մոդելի ընտրությունն ավելի կարևոր է, քան ազգանվան ընտրությունը»:

Ռուբեն Վարդանյանի կարծիքով՝ կարևոր սկզբունքն այն է, թե ինչպիսի երկիր ես ուզում կառուցել:

Կրկին անդրադառնալով իր՝ ՀՀ վարչապետ դառնալու թեմայով քննարկումներին՝ Ռուբեն Վարդանյանն ասաց. «Ես նաև անկեղծ ասել եմ, որ ես երբեք չեմ աշխատել պետական հաստատությունում: Ամբողջ կյանքում եղել եմ մարդ, որը փորձել է պետականի և մասնավորի միջև կամուրջներ գցել: Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի և տարբեր վարչապետերի հետ եմ աշխատել: Ես չեմ ընտրել իշխանությանը, ժողովուրդն է ընտրվել, ես իրավունք չունեմ խառնվել: Ես մի անձ եմ, որը երկարաժամկետ ծրագրեր է անում Հայաստանում, չեմ կարող սպասել՝ հասկանալով, որ պետական- մասնավոր գործընկերությունը ոչ հեշտ, ոչ դյուրին միջավայրում է»:

Ռուբեն Վարդանյանը նաև բացատրեց, թե ինչու են Նիկոլ Փաշինյանի, Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի մոդելի մարդիկ դուր գալիս հասարակությանը. «Նրանք ասում են՝ մարդ եմ, որ գիտեմ՝ ինչ եմ ասում: Իհարկե, նրանք բոլորը արժանի մարդիկ են, խնդիրն այն է, թե ինչպիսի երկիր ենք կառուցում: Եվ կարևոր է, որ մասնավոր պետական մակարդակում լինի փոխներգործություն»:

Ռուբեն Վարդանյանը վստահեցրեց՝ մեկ մարդու համար անհնար է կառուցել բարգավաճ ու անվտանգ երկիր. միասնական ուժերով միայն դա կարելի է անել:

Ամփոփելով քննարկումը՝ Ռուբեն Վարդանյանն ասաց. «Ես չեմ ամաչում բոլորիդ աչքերին նայել, քանի որ գիտեմ՝ ես և իմ ընտանիքն անում ենք ամեն ինչ, որ Հայաստանում լինի արժանապատիվ ապագա»:

Աղբյուրը՝ aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում