«Պատիվ ունեմ» դաշինքը դիմել էր Գլխավոր շտաբ՝ սահման մեկնելու համար. նրանց մերժել են

«Պատիվ ունեմ» դաշինքը դիմել էր Գլխավոր շտաբ՝ սահման մեկնելու համար. նրանց մերժել են

Երեկ Ազգային ժողովում ՀՀ վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հերթական կանխատեսելի և էժանագին հարձակումները գործեց ընդդիմության ուղղությամբ:

«Այդ մարդիկ (ընդդիմադիր շրջանակները.- Ա.Վ.) ձեզ հայտնի իրադարձությունների ժամանակ ասում էին՝ մենք բանակի կողքին ենք: Բա էդ ո՞նց է, որ մեր բանակը թվացյալ «վարկաբեկող» տեսանյութերը հաճույքով տարածում եք, բայց, երբ որ մեր զինվորները, սպաները, կամավորները, որոնք ժայռի նման կանգնած են սահմանին, նրանց վերաբերյալ, նրանց հերոսական ծառայությունը լուսաբանող տեսանյութերը չեք տարածում: Սա ի՞նչ է նշանակում: Ես այդքան մանրամասն չգիտեմ, բայց սա նշանակում է, որ, այո՛, Հայաստանում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ»,– ասաց Փաշինյանը:

Ըստ էության վերջինս, տիրապետելով երկրի կառավարման ողջ լծակներին, կրկին ընդդիմությանն էր մեղադրում երկրի անվտանգային խնդիրների, անձամբ իր «պռավալների» մեջ:

168.am-ի տեղեկություններով՝ իրականում ռազմաքաղաքական պայթյունավտանգ այս իրավիճակում «Պատիվ ունեմ» դաշինքը սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու և մեր տղաներին սատարելու նպատակով մոտ 10 օր առաջ պաշտոնապես դիմել էր ԶՈՒ Գլխավոր շտաբին (ԳՇ)՝ նշելով, որ մտադիր է ձևավորել ջոկատ, որն ըստ անհրաժեշտության կարող է մարտական հերթապահություն իրականացնել Հայաստանի կամ Արցախի սահմանագծի ցանկացած ուղղությամբ, կամ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում ընդգրկվել այնտեղ, որտեղ նպատակահարմար կհամարի ԶՈՒ ԳՇ-ն:

Սակայն ԳՇ-ն պատասխանել է, թե դրա անհրաժեշտությունը չի տեսնում: Մեր աղբյուրն ասաց, որ «Պատիվ ունեմ» դաշինքում այդ փաստը չեն հանրայնացրել, որովհետև հայրենիքի պաշտպանության գործը PR-ի առարկա ու առիթ չէ:

«Չէի հրապարակայնացնի այդ նամակագրության փաստը, եթե չլիներ երեկվա և արդեն հերթական սահմանային ցավալի դեպքը, եթե վստահ լինեինք, որ այն վերջինն է լինելու և սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու համար պատասխանատուները հետևություններ են անելու: Ցավոք, ամեն օրը հակառակն է ապացուցում և խորացնում մեր մտահոգությունը»,- ասաց մեր աղբյուրը:

Տեղեկացանք, որ, այնուամենայնիվ, «Պատիվ ունեմ» դաշինքը ձևավորել էր զորախումբ: ԳՇ արձագանքի պարագայում պատրաստ էր արագ տեղակայվել սահմանի ամենավտանգավոր և պաշտպանության կարիք ունեցող հատվածներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում