Ադրբեջանի փոխվարչապետը խոսել է եռակողմ աշխատանքային խմբի մասին

Ադրբեջանի փոխվարչապետը խոսել է եռակողմ աշխատանքային խմբի մասին

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խումբն իր աշխատանքները կշարունակի Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը նա գնահատել է որպես բավական կառուցողական։

«Ինչպես գիտեք, Հայաստանում ընթանում է ընտրական գործընթաց, ձևավորվում է նոր կառավարություն։ Կարծում եմ, որ նոր կառավարության ձևավորումից հետո, եռակողմ աշխատանքային խումբը կշարունակի իր գործունեությունը։ Մինչ այս պահը տեղի ունեցած հանդիպումներին ցուցաբերվել է կառուցողական մոտեցում»,- Մուստաֆաևի խոսքերը մեջբերել է Trend գործակալությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակը, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան, հայտնել էր, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը մայիսի 31-ի դրությամբ չի շարունակվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում