Հայաստանն ու Ադրբեջանը կատարում են մեկ ուժային կենտրոնի՝ Մեծ Բրիտանիայի հանձնարարականները. Փաստինֆո

Հայաստանն ու Ադրբեջանը կատարում են մեկ ուժային կենտրոնի՝ Մեծ Բրիտանիայի հանձնարարականները. Փաստինֆո

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, Times․am։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործնականում ամեն ինչ անում է, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց տեղի չունենա։ Ադրբեջանը ցանկանում է առավելագույնս բարենպաստ վիճակում լինել նախքան խաղաղության պայմանագրի կնքումը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Նրա դիտարկմամբ՝ չնայած Հայաստանի ղեկավարությունը հրապարակային հակառակ կեցվածք է արտահայտում, բայց Նահապետյանի կարծիքով նրանք ևս չեն ցանկանում, որ այդ գործընթացն սկսվի։

«Ադրբեջանը, համոզված լինելով ռազմական առումով իր գերակայության վրա, ցանկանում է մինչև խաղաղության պայմանագիր կնքելն առավելագույն բարենպաստ վիճակում լինել։ Այսինքն՝ ՀՀ-ի տարածքից որքան հնարավոր է բարձունքներ, մարտական հենակետեր, կարևորագույն տարածքներ վերցնել։ Սոչիում հանդիպման ժամանակ Ալիևը խոստովանեց, որ Հայաստանի հետ չկա սահմանագիծ, հետևաբար այն, ինչ վերցնում է, մի օրը կարող է ներկայացնել որպես Ադրբեջանի տարածք՝ օրինակ հիմնավորելով, որ այդտեղ ադրբեջանցիներ են ապրում»,-նշեց Հայկ Նահապետյանը՝ ընդգծելով, որ օգտվելով Հայաստանի ներկա վիճակից՝ Ադրբեջանը ժամանակ է շահում, որ իր դիրքերն ավելի շահեկան դարձնի։

Հայաստանն, ադրբեջանական ցանկացած սադրանքի համարժեք դիմադրություն չցուցաբերելով, խնդրի լուծումն ուղղակի գցում է ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի գրպանը։ Փորձագետի խոսքով՝ իշխանությունը և իշխանամերձ կազմակերպությունները հակառուսական ալիք են գեներացնում, որն ապագայում կարող է հիմք դառնա, որ Հայաստանը չկատարի իր պարտականությունները՝ հիմնավորելով, թե ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանն իրենց պայմանագրային պարտավորությունները չեն կատարել։

«Այսինքն` Հայաստանը ևս քայլեր է անում, որ դելիմիտացիան ու դեմարկացիան չկատարվեն։ Յուրաքանչյուրն իր խնդիրն է լուծում, բայց Հայաստանն ու Ադրբեջանը լուծում են մեկ ուժային կենտրոնից տրվող հանձնարարականները։ Ընդ որում` դա ոչ թե Թուրքիան է, այլ Մեծ Բրիտանիան»,-ասաց փորձագետը։

Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակման աշխատանքներին, ապա Հայկ Նահապետյանը նշում է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը ճանապարհների բացման աշխատանք իրականացնում են։ Խնդիրը պարզապես այն է, որ Ադրբեջանը պետք է շահեկան վիճակում լինի։ Փորձագետը նկատեց՝ այլևս ապացուցված է, որ հայկական կողմը ճանապարհաշինարարական աշխատանքներ է կատարում Անգեղակոթի կողքով անցնող ճանապարհը դարձնելով մայրուղի։

«Դա այն ճանապարհն է, որով Նախիջևանը պետք է կապվի Ադրբեջանին ցամաքային ճանապարհով։ Այնպես որ աշխատանքներն իրականացվում են, բայց մինչ այդ աշխատանքների ավարտը, երկու պետության ղեկավարներն այլ խնդիր են լուծում։ Խնդիրը հետևյալն է՝ Հայաստանում ռուսական ազդեցությունը պետք է թուլացվի, չեզոքացվի»,-ասաց Հայկ Նահապետյանը։

Անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե իրենց բոլոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի, Հայկ Նահապետյանը նկատեց՝ Արմեն Գրիգորյանն իրականությունից հեռու բաներ է ասում։ Նա ենթադրում է, որ խորհրդային ինչ-որ քարտեզների վրա հիմնվելով են նման բան ասում, սակայն այդ քարտեզներով անկլավներ եղել են, և Ադրբեջանն այդ անկլավների վերաբերյալ կեցվածք դրսևորելու է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում