Համազգային այս աղետի հետևանքով մեր երկրում փորձում են օրակարգից հեռացնել մարդու արժանապատվությունը․ Սերժ Սարգսյան

Համազգային այս աղետի հետևանքով մեր երկրում փորձում են օրակարգից հեռացնել մարդու արժանապատվությունը․ Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, Times․am: Այսօր, ըստ հարցումների, հասարակության մոտ 70 տոկոսն, առհասարակ, մերժում է հետևել քաղաքական գործընթացներին։ Մարդիկ մերժում են առերեսվել իրականության հետ՝ որպես ինքնապաշտպանական բնազդ և նախընտրում են անտարբերությունը, «Հանրապետական» կուսակցության 17-րդ համագումարին հայտարարեց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այս հարցում մենք մեր պատասխանատվության բաժինն ունենք, որի մասին կխոսենք։ Իրականությունն այն է, որ տարիներ շարունակ մեծ զոհողությունների գնով ձեռք բերված պետական անվտանգությունը դիվանագիտական, պաշտպանական և ոչ պակաս կարևոր՝ թվային սուվերենությունը խարխլված են։ Իրականությունն այն է, որ մեր երկիրը բանակցային սեղանին մասնակցում է լոկ տնտեսական ու իրավական միավորի սուբյեկտայնությամբ, այնինչ մենք ազգային ինքնությամբ պետություն ենք։ Կարող են քարոզչական տարբեր հնարքներով բթացնել մարդկանց զգոնությունը, կերակրել առասպելական ստերով ու պահել, այսպես կոչված, թվային մատրիցայի մեջ, որտեղ մածունը սև է, իսկ քաղաքական առաջնորդը բանակցային հաղթանակներ է տոնում զուտ մի խեթ հայացքով», – հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Նա նշեց՝ այս ամենը չի կարող երկար տևել, չի կարելի մարդկանց հիմարի տեղ դնել, չի կարելի ծանր կացության մեջ հայտնված հուսալքված մարդկանց վահան դարձնել՝ պաշտպանվելու ցանկացած ռացիոնալ խոսքից ու ողջամտությունից։

«Իրականությունն այն է, որ համազգային այս աղետի հետևանքով մեր երկրում փորձում են օրակարգից հեռացնել մարդու արժանապատվությունը», – նշեց ՀՀԿ նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում