«Լուսավոր Հայաստանը» փորձում է փախցնել «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ձայները՝ շրջանցելով օրենքը

«Լուսավոր Հայաստանը» փորձում է փախցնել «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ձայները՝ շրջանցելով օրենքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, Times․am: Վանաձորում ՏԻՄ ընտրություններում հաղթող քաղաքական ուժի՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ձայները «փախցնելու» նպատակով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լծվել է օրենքի խախտումներին՝ բողոքարկելով օրինական ուժ ստացած և բողոքարկման ենթակա չհամարվող դատական ակտը։ «Փաստինֆո»-ի ձեռքի տակ է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը մերժելու մասին դատական ակտը, որը, թեև բողոքարկվել է ԼՀԿ-ի կողմից, այն բողոքարկման ենթակա չի եղել։

Մասնավորապես, ՏԻՄ ընտրությունների ավարտից հետո «ԼՀԿ»-ն հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՏԸՀ-ի՝ պահանջելով անվավեր ճանաչել Լոռու մարզի Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների՝ քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին դեկտեմբերի 12-ի թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները, դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրության արդյունքները, դատաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների հիման վրա, որը կարող է տեղի ունենալ ընտրական տեղամասերի արդյունքների վերահաշվարկի միջոցով, կայացնել որոշումներից մեկը՝ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին, ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին կամ ընտրված ճանաչել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների։ Սույն գործով որպես երրորդ անձ են ներգրավվել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, «ՔՊ»-ն, «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունները։

Վարչական գործով դատաքննությամբ պարզվել է, որ թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 5-ի՝ Վանաձոր ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ դեկտեմբերի 12-ին կազմված արձանագրությամբ արձանագրված տվյալներն ընդունելի են հայցվոր կողմի համար, վերջինս դրանք չի վիճարկում։ Միևնույն ժամանակ հայցվորի ներկայացուցիչը նշել է, թե խնդիրը կայանում է անճշտությունների թվաքանակի հետ, այն կազմում է 12, որն ավելի մեծ թիվ է, քան «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից անցողիկ շեմը հաղթահարելու համար պակասող թիվը։ Ըստ հայցվորի՝ արդարացի կլիներ, որ անճշտությունները հօգուտ ԼՀԿ-ի մեկնաբանվեն, որի շնորհիվ ԼՀԿ-ն կկարողանա հաղթահարել անցողիկ շեմը։

Դատարանն արձանագրել է, որ Ընտրական օրենսգրքով նախատեսված չէ մանդատների բաշխման այնպիսի կարգ, որը հնարավորություն կընձեռեր թվով 12 անճշտությունները գումարել որևէ կուսակցությանը, սույն դեպքում՝ հայցվոր «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների ձայներին։

Իրավական և փաստական հիմնավորումներով դատարանը գտնում է, որ բացակայում են թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Պապայանի դեկտեմբերի 12-ի՝ «Լոռու մարզի Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների դեկտեմբերի 5-ի ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին» և «Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով Վանաձոր համայնքի ավագանի ընտրվելու մասին» որոշումները հայցվորի հիմնավորումների շրջանակներում անվավեր ճանաչելու և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ճանաչելու հիմքերը, հետևապես, հայցը ենթակա է մերժման։

Դեկտեմբերի 21-ին հրապարակված վճռով վարչական դատարանը՝ 5 դատավորի կազմով, մերժել է հայցադիմումն ու նշել, որ վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Այդուհանդերձ, բողոքարկում չնախատեսող դատական ակտը ԼՀԿ-ն ոչ միայն բողոքարկել է, այլ նաեւ դեկտեմբերի 23-ին հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց։ Այս միջնորդությունը վարչական դատարանը վարույթ է ընդունել ու այսօր արդեն հրատապ որոշել բավարարել այն՝ թույլ չտալով ընտրված ավագանուն նիստ գումարել ու սա այն դեպքում, երբ ԼՀԿ-ի հայցը մերժելու մասին բողոքարկման չենթակա դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը վերաքննիչ վարչական դատարանը վարույթ ընդունելու մասին որոշում չի կայացրել։

Նշենք, որ այսօր Լոռու մարզպետը լրագրողների հետ զրույցում բացել է փակագծերը ու նշել, որ ԼՀԿ-ի հայցի բավարարման դեպքում «Մամիկոն Ասլանյան» դաշինքի մանդատների թիվը մեկով կարող է նվազել, այսինքն՝ ԼՀԿ-ն ու ՔՊ-ն՝ փորձում են դատարանի միջոցով հասնել ընդդիմադիր դաշինքի մանդատների կրճատմանը, որ ընտրված համայնքային իշխանության ձեռքից վերցնեն իշխանությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում