Փաշինյանը Արցախում բնակված ադրբեջանցիների շահերի սպասարկողն է դարձել․ արցախցի պատգամավոր

Փաշինյանը Արցախում բնակված ադրբեջանցիների շահերի սպասարկողն է դարձել․ արցախցի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, Times․am: Օտար ուժերը Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել, որ հենց Արցախի սուբյեկտայնությունը դնի կասկածի տակ։ Հետևողականորեն, իրարամերժ հայտարարություններով ժողովրդին պատրաստում է։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Դետեմբերի 24-ին առցանց ասուլի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ադրբեջանցի ժողովրդի շահերը, ընդգծեց ադրբեջանցիների հիմնարար իրավունքները, ինքնորոշման իրավունքը, ասաց, որ Արցախը լիովին չի համարում հայկական։

Դավիթ Գալստյանի խոսքերով՝ Արցախից հրաժարվել, ձեռքերը լվացել է ոչ թե Հայաստանը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը։ «Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում Հայաստանի մեր հայրենակիցների կարծիքը։ Նիկոլ Փաշինյանն արտահայտում է իր և օտարածին երևույթների կարծիքը, դա ակնհայտ է», – ընդգծեց պատգամավորը։

«Արդարություն» խմբակցության ղեկավարն ասաց, որ այսօրվա ԱԺ նիստում միաձայն հայտարարություն ընդունվեց, որն Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը և սուբյետայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին էր։ «Արցախի կարգավիճակը հստակեցված է, Արցախը երբևիցե Ադրբեջանի կազմում չի եղել, չի լինելու, և ոչ մի տարբերակ չկա, որ լինի։ Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանում գործող իշխանության ղեկին նստած անձնավորությունը փորձում է այլ ճանապարհով տանել, որը, համոզված եմ, հայ ազգը թույլ չի տալու։ Ջանքեր են ուղղված, որ Արցախի և Հայաստանի միջև սեպ խրի, չի ստացվելու։ Մենք պետք է հասկանանք, որ սա ևս մանիպուլյացիա է՝ Արցախը Հայաստանից տարանջատելու համար։ Չպետք է մտնենք ակնհայտ մանիպուլյացիայի տակ և տարանջատել Արցախը և Հայաստանը։ Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունն է նման փորձ անում, մենք պետք է դրա դեմն առնենք»։

«Այսօր միջազգային հարթակներում միակ օղակը, որ ներկայացնում է Արցախի խնդիրը, Հայաստանն է։ Հայաստանի իշխանությունները պետք է ներկայացնեն, քանի որ այդ ձևաչափն է գործում, սակայն տեսնում ենք, որ ներկայացնողը հայամետ չի մտածում, հայկական մտածելակերպ չունի», – շեշտեց քաղաքական գործիչը։

Ըստ Գալստյանի, Փաշինյանը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին։ «Իր արտահայտությունները ոչ այլ ինչ են, քան Ալիևի ծննդյան շնորհավորանքի խոսքեր։ Փաշինյանն Արցախում բնակվող ադրբեջանցիների շահերի սպասարկողն է դարձել։ Չի խոսում Բաքվի ջարդերից, Սումգայիթի ջարդերից, մոտ 600 հազար փախստականների մասին, Արցախում բնակվող հայերի մասին, չի ասում, որ Ադրբեջանը քնած հայ սպային կացնահարող ադրբեջանցուն հերոսացնում է։ Այս ամենը մի կողմ թողնելով՝ լծվել է ադրբեջանցիների շահերի սպասարկմամբ, որն անընդունելի և անթույլատրելի է», – եզրափակեց պատգամավորը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում