Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել․ Hetq.am

Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել․ Hetq.am

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, Times․am: Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումում մի քանի պատճառ է նշել, սակայն կարծում ենք, որ դրանք քիչ առնչություն ունեն իր հրաժարականին։ Մեր կարծիքով, հրաժարականի պատճառը մեկն է՝ նա այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչեւ նախագահ դառնալը: Այս մասին գրում է Hetq.am-ը։

Երբ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագիծը (OCCRP) նախագահ Արմեն Սարգսյանին այլ երկրի քաղաքացի լինելու մասին հարցում ուղարկեց, նա ապացույցներ ուզեց: Նշենք, որ այդ երկիրը Միացյալ Թագավորությունը չէ, որի քաղաքացի էր Արմեն Սարգսյանը և որի մասին նրա ընտրվելուց առաջ հայտնի դարձավ:

Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել։

Մենք տեղեկություն ունեինք, որ նախագահն ուներ Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր, ինչը հաստատվեց Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում։ Հետաքննության մանրամասներն այս փուլում չենք կարող ներկայացնել, քանի որ այն անդրսահմանային հետաքննություն է և դեռ ավարտված չէ:

Երեկ՝ հունվարի 23-ին, Հայաստանի նախագահը հրաժարականի մասին հայտարարություն տարածեց: Ուշագրավ մի փաստ կա՝ այդ հայտարարությունից առաջ նա պատասխանել էր Սենթ Քիթս և Նևիսի իր քաղաքացիության մասին մեր մի շարք հարցերին: Այդ ժամանակ նա պաշտոնական այցով Արաբական Միացյալ էմիրություններում էր: Այնտեղից մեկնեց արձակուրդ առողջական խնդիրների պատճառով: Իսկ հրաժարական տվեց՝ այդպես էլ Հայաստան չվերադառնալով:

Երբ ապացույցներ տրամադրելու իր խնդրանքին ի պատասխան մենք փոխանցեցինք մեր ձեռքի տակ եղած նրա անձնագրային տվյալները, Արմեն Սարգսյանն իր վարկածն առաջ քաշեց:

Վարկածում նա նշում է, թե տարիներ առաջ ներդրումներ է արել այդ երկրում։ Նամակագրության մեջ նախագահը խոստովանել է, որ մասնաբաժին է ունեցել Սենթ Քիթս և Նևիսի հյուրանոցներից մեկում։ Ըստ պնդման՝ նա մասնաբաժինը փոխանցել է իր ընտանիքի անդամներից մեկին մինչև 2013 թ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան դառնալը։

Սենթ Քիթս և Նևիսում ներդրումների դիմաց քաղաքացիություն ստանալու ծրագիր կա, և Սարգսյանն ասում է, թե առանց իր իմացության է ինքն այդ ծրագրով քաղաքացի դարձել: Մեզ ուղղած իր պատասխանում նա նշել է. «…իմ շարժառիթը ներդրումներ անելն էր, իսկ անձնագիրն ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում»։

Ըստ Սարգսյանի պնդման՝ 2013-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան նշանակվելուց առաջ հանձնարարել է իր իրավաբանին Սենթ Քիթս և Նևիսի անձնագիրը վերադարձնել պետությանը։

Շարունակելով վարկածը՝ Սարգսյանը նշել է, թե 2017-ին, երբ իրեն առաջարկ էր արվել ՀՀ նախագահ դառնալ, պարզել էր, որ վերոնշյալ հանձնարարությունը չի կատարվել։ Պարզվել է նաև, որ այն անձը (ոչ իր իրավաբանը), որը պետք է զբաղվեր Սարգսյանի քաղաքացիության հարցերով, մահացել էր։ Դրանից հետո Սարգսյանը նամակ է գրել հանգուցյալի որդուն, որը նույն ընկերությունում է աշխատել, բացատրել է իրավիճակը և կրկնել է իր խնդրանքը։

Փաստն այն է, որ Արմեն Սարգսյանը Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունից հրաժարվելու պաշտոնական գործընթացը սկսել է 2018-ի մարտին նախագահ ընտրվելուց ոչ շատ շուտ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում