Արմեն Սարգսյանն այլևս ՀՀ նախագահը չէ. մինչև նոր ընտրություն ժ/պ կլինի Ալեն Սիմոնյանը

Արմեն Սարգսյանն այլևս ՀՀ նախագահը չէ. մինչև նոր ընտրություն ժ/պ կլինի Ալեն Սիմոնյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, Times․am: Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը երեքշաբթի առավոտյան՝ յոթնօրյա ժամկետի ավարտից հետո, ստորագրել է նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը, որը նա ներկայացրել էր հունվարի 23-ին։ Համապատասխան փաստաթուղթը երեքշաբթի հրապարակվել է երկրի օրենսդիր մարմնի կայքում։

«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները»,- ասված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ երկրի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կանցնեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, իսկ նրան կփոխարինի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, քանի որ վերջինս իր պաշտոնին ընտրվելու ժամանակ ստացել է ամենաշատ ձայները։

Ընդդիմության նախագահի թեկնածուի անունը դեռ հայտնի չէ, շրջանառվում է վարկած, որ ընդդիմադիրները թեկնածու չեն առաջադրելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում