Ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում կամ չեն գործում, կամ գործում են յուրովի. Արթուր Վանեցյան

Ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում կամ չեն գործում, կամ գործում են յուրովի. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, Times․am: ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը փետրվարի 28-ին հանդիպել են Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակության հետ:

Անդրադառնալով այցի նպատակներին՝ Ստեֆան Դիոնը նշել է, որ անցած հինգ տարիներին Կանադայի խորհրդարանական կենտրոնն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի հետ` նպատակ ունենալով աջակցել Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարության զարգացմանը: Կառույցն աշխատել է խորհրդարանում` մշակելու համար մի ռազմավարական ծրագիր, որի կիրառման արդյունքում կբարելավվեն աշխատակազմի պրոֆեսիոնալիզմն ու աշխատանքի արդյունավետությունը:

«Արդյոք նպատակահարմա՞ր է համարում «Պատիվ ունեմ» խմբակցությունը ծրագիրը շարունակելը, և ի՞նչ խնդիրներ են տեսնում»,-հետաքրքրվել է դեսպանը: Նա կարևորել է այդ հարցում խմբակցության կարծիքն ու օժանդակությունը:

Այս համատեքստում Ստեֆան Դիոնը նշել է. «Մեծ նվաճում կլինի մեզ համար, եթե Կանադան կարողանա աջակցել Հայաստանի խորհրդարանին, որպեսզի նրա աշխատակազմի գործունեությունը լինի մասնագիտական բարձր մակարդակի վրա և անաչառ»:

Արթուր Վանեցյանը տեղեկացրել է, որ կարևոր է համարում ցանկացած ծրագրի իրականացում, որը կարող է նպաստել երկրի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը:

Խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանի խորհրդարանի՝ ոչ սովորական պայմաններում ձևավորված լինելու հանգամանքին, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների խախտումներին: Նրա գնահատմամբ՝ ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում կամ չեն գործում, կամ գործում են յուրովի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում