Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Գյումրիում. մեկ անձ ձերբակալվել է․ տեսանյութ

Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Գյումրիում. մեկ անձ ձերբակալվել է․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, Times․am: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քաղաքացուց 2022թ. ապրիլի 3-ին՝ ժամը 17:47-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում գտնվող խանութի մոտակայքում կրակոցներ են հնչում:

Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել «Mercedes» մակնիշի երկու ավտոմեքենաներ՝ միմյանց բախված վիճակում, սակայն վթարված տրանսպորտային միջոցների զննությամբ հրազենային վնասվածքներին բնորոշ հետքեր չեն հայտնաբերվել:

Քաղաքացու կողմից մատնանշված կրակոցների առնչությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, նախնական տվյալներով, նշված օրը հիշյալ խանութի դիմաց ճանապարհատրանսպորատային պատահար է տեղի ունեցել «Mercedes» մակնիշի երկու ավտոմեքենաների մասնակցությամբ: Ավտոպատահարից հետո նշված վայրին է մոտեցել «Nissan March» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը և ավտովթարի մասնակից մեքենաներից մեկի վարորդը, ովքեր, ըստ քննության տվյալների, ճանաչում են միմյանց, սկսել են վիճաբանել, իսկ երբ «Nissan March»-ը հեռացել է դեպքի վայրից, հիշյալ «Mercedes»-ի վարորդն իր մոտ պահվող հրազենից կրակոց է արձակել նրա ուղղությամբ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Nissan March» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է, որի վրա առկա են եղել հրազենային կոտորակային վնասվածքներին բնորոշ բազմաթիվ հետքեր:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, վերցվել են խանութի տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները, ենթարկվել զննության, առգրավվել են ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից «Mercedes», այնպես էլ՝ «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, հարցաքննվել են մի շարք անձինք:

Իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի հիշյալ վարորդը, ով Գյումրի քաղաքի՝ 1979թ. ծնված բնակիչ է, բերման է ենթարկվել, ձերբակալվել՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ինչպես նաև հարցաքննվել՝ իր ցուցմունքում նշելով, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ ինքն է կրակել:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմուքններում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում