Ակնհայտ է, որ Ադրբեջանին գյուղեր փոխանցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել․ քաղաքագետ

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, Times․am: Բրյուսելում եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի անունը չհիշատակելը կարող է տարբեր բաներ նշանակել։ Այս մասին 24News-ին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Կարող է նշանակել, որ Արցախի կարգավիճակի հարցը չի քննարկվել։ Մյուս տարբերակը՝ Հայաստանի իշխանությունը խոսք է տվել, որ Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում, և հիմա ցանկալի չէ, որ դրա մասին խոսակցություն լինի»,-ասաց քաղաքագետը։
Ըստ Սերգեյ Դանիելյանի՝ Բրյուսելից վերադառնալուց հետո Հայաստանի վարչապետն ասաց, որ կան տարածքներ, որոնք Ադրբեջանինն են, սակայն վերահսկվում են Հայաստանի կողմից, և հակառակը։
«Ինձ թվում է՝ այստեղ խոսքը մի քանի գյուղերի մասին է, որոնք Ադրբեջանը համարում է իրենը։ Խոսքը Հայաստանի գյուղերի մասին է, որքանով ես հասկացա այդ հայտարարությունից, որ այնտեղ պայմանվորվածություն է եղել գյուղերը տալու՝ Տավուշի գյուղերը, Արարատի մարզի Տիգրանաշենը և այլն։ Պիտի ակնհայտ լինի, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Եվ այդ ամենը կապված է սահմանազատման և սահմանագծման խնդրի հետ։ Այ հենց այդ երկուսն իրար փոխկապակցված են», – ընդգծեց Ստեփան Դանիելյանը։
Քաղաքագետը նաև հիշեցրեց ավելի վաղ սահմանազատմանը վերաբերող գործընթացը։
«Ներքին պայմանավորվածություն է լինում, հետո հանկարծ Ադրբեջանի զինված ուժերը հայտնվում են Հայաստանի տարածքում, Հայաստանի իշխանությունները ոչ մի բան չեն անում կամ զոհերով են դա անում, այսինքն՝ զինվորներ են զոհվում, հետո Հայաստանի իշխանությունները դա ճանաչում են, այսինքն՝ հանրությունից գաղտնի սահմանազատման, սահմանագծման գործընթաց է։ Ակնհայտ է, որ դրա մասին խոսել են և որոշակի պայմանավորվածությունների եկել են», – եզրափակեց քաղաքագետը։
Ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել եռակողմ հանդիպել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու հայ-ադրեբջանական հարաբերությունների կարգավորման հարցը։
Պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ խոսք չկար Մինսկի խմբի աշխատանքի, Արցախի հարցի քննարկման մասին, չնայած որ մարտի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե Երևանը պատասխանել է Բաքվից փոխանցված առաջարկներին և դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում