Հայաստանին և Արցախին սպասող վտանգը չեզոքացնելու մեկ ճանապարհ կա՝ գործող իշխանության հեռացումը. Իշխան Սաղաթելյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, Times․am: Եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, գնալու է բացառապես իր օրակարգով, մեր մոտեցումների մեջ ոչինչ չի փոխվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իր աղմուկ հանած հայտարարությանը, թե ընդդիմությունը սեպտեմբերին իր օրակարգով վերադառնալու է Ազգային ժողով:
«Մեր օրակարգը շատ հստակ է՝ Հայաստանի անվտանգությունը եւ Արցախը: Մենք այլեւս չենք պատրաստվում այլ օրակարգով լինել խորհրդարանում: Ակնհայտ է, որ ԱԺ-ում կա խորհրդարանական ճգնաժամ: Մենք չենք խուսափելու անհրաժեշտության դեպքում խորհրդարան վերադառնալուց, ինչպես հունիսի 3-ին էր, երբ մենք մեր օրակարգով գնացինք խորհրդարան, եւ բացակա էր քաղաքական մեծամասնությունը: Մենք որեւէ կերպ կաշկանդված չենք, երբ նպատակահարմար կգտնենք մեր ձեւավորած օրակարգով գնալ խորհրդարան, մենք կգնանք, բայց դա չի ենթադրում, որ մենք ունենք որոշում, որ այլեւս չենք բոյկոտելու ԱԺ աշխատանքը եւ վերադառնալու ենք խորհրդարան»,-ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ իրենց բոլոր նախաձեռնությունները մերժվել են քաղաքական մեծամասնության կողմից:
Խորհրդարանական ընդդիմությունն ինչ-որ փուլում վարչապետին իմպիչմենթի ենթարկելու օրակարգով կգնա խորհրդարան, բայց դա չի լինի սեպտեմբերին:
«Սեպտեմբերին վստահ ոչ, բայց ինչ-որ մի փուլի այո»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:
«Արցախն ու Հայաստանը փրկելու համար անհրաժեշտ է հեռացնել այս իշխանություններին, իսկ դրա ճանապարհը լայն ժողովրդական ճակատ ճնշման տակ սրանց հեռացմանը հասնելն է: Հեռացման երկու ճանապարհ կա՝ հրաժարական եւ պաշտոնանկություն: Այս երկու գործիքներն էլ մեզ համար ընդունելի են:
Երբ հասնենք այդ մակարդակին, համաժողովրդական լայն ընդվզումը լինի, երկու ճանապարհով էլ հնարավոր է հասնել իշխանությունների հեռացմանը: Մենք ասել ենք, որ օգոստոսի երկուսից սկսած մեր գործիքակազմին ավելանալու է նաեւ պաշտոնանկությունը: Երբ, որ օրը հանդես կգանք այդ նախաձեռնությամբ, այն օրը, երբ դրա համար լինեն բավարար պայմաններ: Կլինի սեպտեմբերին, հոկտեմբերին, թե նոյեմբերին, կյանքը ցույց կտա»,-ասաց նա:
Սաղաթելյանը նշեց, որ այս փուլում շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքների մեջ են, առաջիկա հանրհավաքին կախտորոշեն իրենց անցած ճանապարհը, իսկ սեպտեմբերից ավելի կազմակերպված եւ ավելի լայն թափով կմտնեն պայքարի մեջ:
Անդրադառնալով իրեն եւ Վահե Հակոբյանին պաշտոնակ անելուն, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Եթե իրենց թվում է, որ այդ քայլերով կարող են կաշկանդել մեր գործունեությունը, սխալվում են, որովհետեւ դա իրենց համար է պաշտոնը շատ կարեւոր հարց: Մենք ունենք շատ ավելի կարեւոր մանդատ՝ մեր ժողովրդի վտահությունը»:
Նա ընդգծեց, որ ԱԺ աշխատանքը բոյկոտելու պահանջը ձեւավորված է իրենց ընտրողների կողմից. «Այն, որ ասում են՝ ընտրողները ձեզ քվե են տվել, որ գնաք, աշխատեք, ընտրողները մեզ տվել են օրակարգ այս իշխանություններին հեռացնելու, ուժեղ ու անվտանգ Հայաստան կերտելու համար։ Այդ օրակարգը մենք պարտավոր ենք սպասարկել՝ լինի ԱԺ-ում, թե դրանից դուրս»,-ասաց Սաղաթելյանը:
Արտախորհրդարանական ուժերի գերակշիռ մասի հետ, որոնք նաև հունիսի 3-ի հայտարարությանն իրենց աջակցությունը հայտնեցին և ստորագրեցին, «Դիմադրություն» շարժումը դաշնակից է եւ համախոհ. ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Մենք չենք գտել արդյունավետ մեխանիզմը, որպեսզի բոլոր ուժերին մասնակից դարձնենք անմիջական որոշումների ընդունմանն ու շարժման աշխատանքներին։ Պետք է գտնենք մոդելը, որ առավելագույնս ընդալայնենք շարժումը եւ մեր բոլոր գործընկերներին բոլոր ֆորմատներով մասնակից դարձնենք այս պրոցեսներին»,- նշեց նա։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իրենց սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել․ սա քաղաքական պայքար է, բայց ոչ երբեք կուսակցական։
«Եթե կորցնենք այն ամենը, ինչը սպասվում է, ո՞ւմ է պետք այդ կուսակցությունների գոյությունը եւ գործունեությունը։ Այս տրամաբանությամբ է պետք առաջանորդվել։ Այս նպատակի մեջ մենք շատ անկեղծ ենք, բայց, դժբախտաբար, այս դաշտում շատ խաղացողներ անկեղծ չեն։ Բայց սա առանձին թեմա է։ Ամեն ինչ ժամանակն իր տեղը կդնի։ Եթե կան մարդիկ, ուժեր, ովքեր ավելի արդյունավետ կարող են պայքարը կազմակերպել կամ այլընտրանքային բան ունեն, խնդիր չկա, գնանք, կանգնենք իրենց կողքին։ Ամեն ինչ պետք է անենք, որ հաջողենք։ Դժվա՞ր է լինելու, շատ. լինելո՞ւ են մարդիկ, որոնք չեն կարողանալու այս ճանապարհը մինչև վերջ անցնել, այո՛, լինելու են»։
Սաղաթելյանի դիտարկմամբ՝ այսօր շարժման մասնակիցները ստիպված են պատասխան տալ այն մարդկանց արարքների համար, որոնք կանգնած են Նիկոլ Փաշինյանի իշխանության կողքին։
«Հայտնի անուններ կան, որոնցից տարիներ շարունակ բողոքել է հայ հասարակությունը։ Շարեք այդ անուններն ու տեսեք՝ իրենք այսօր մե՞ր հետ են, թե՞ Նիկոլի եւ ո՞ւմ են սպասարկում։ Գալու է ժամանակը դրա մասին էլ ենք խոսելու։ Մենք ում համար, որ այսօր պատասխան ենք տալիս, Նիկոլի հետ չաղ ու բախտավոր ապրում են»,- նկատեց Սաղաթելյանը։
Արցախի խորհրդարանի ղեկավարը շատ ուղիղ եւ անվանական պետք է Հայաստանի իր գործընկերոջը հրավիրեր սեպտեմբերի 2-ին միջխորհրդարանական նիստին. ասաց Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությանը:
«Շնորհակալ ենք այդ հրավերի համար, առանց հրավերի էլ ենք անցնող երկու տարիներին այցելել Արցախ։ Իշխանությունը չի այցելում Արցախ, իշխանությունն է խուսափում այցելելուց։ Երկու տարի է՝ Արցախ-Հայաստան միջխորհրդարանական նիստ չեն հրավիրել։ Այս սպառնալիքն Արցախով չի վերջանում։ Աստված չանի, եթե սրանց օրակարգով գնանք, հասնելու են Հյուսիսային պողոտա»,- նշեց նա։
Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ՝ 25 տարի խաղաղություն էր, որովհետեւ 25 տարի պատրաստ էինք պաշտպանել մեր հայրենիքը։
«Այն պահից սկսած, երբ դու չես կարող պաշտպանել քո հայրենիքը, իսկ քո երկրի իշխանությունները պատրաստ չեն իրականացրել իրենց սահմանադրական լիազորությունները, չես կարող խաղաղություն ունենալ։ Խաբում են ժողովրդին։ Սրանց ասածը խաղաղություն չէ, այլ արտագաղթ, ծնկի եկած, թուրքերի ոտքի տակ ապրելու ծրագիր։ Իրենք վախենում են գնալ Արցախ, Ալիեւն ասել է՝ չգնաք։ Իրենք Ալիեւի ձեռքին խաղալիք են։ Կապը դրել է վզներին, ոնց ուզում՝ օգտագործում է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանին եւ Արցախին սպասող վտանգը չեզոքացնելու մեկ ճանապարհ կա՝ գործող իշխանության հեռացումը։
Իշխանությանը հեռացնելուց հետո վտանգն ամբողջությամբ չի չեզոքանալու, սակայն ավելանալու է հնարավորությունը երկրի դիմադրությունն ավելացնելու, պաշտպանությունը կազմակերպելու եւ հայանպաստ օրակարգով տարբեր ձևաչափերով բանակացություններում ներկայանալու։
«Հիմա շատ են ասում, որ մենք ուզում ենք երկիրը տանել նոր պատերազմի։ Նոր պատերազմի մեզ տարել է Նիկոլը եւ եթե մնա, նորից տանելու է պատերազմի եւ հայրենազրկման։ Մեր քաղաքացիները լիարժեք պետք է գիտակցեն, որ Նիկոլով մեզ սպասվում է նոր պատերազմ կամ հայրենազրկում, առանց Նիկոլի կա հնարավորություն պատերազմից խուսափելու եւ եղածը փրկելու։ Մեր ընտրությունը սրա մեջ է։ Նիկոլը ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից, որովհետեւ բոլորին ասում է՝ ի՞նչ եք ուզում տամ իմ իշխանությունը պահելու համար։ Փրկիչներ չկան ո՛չ Հայաստանից դուրս, ո՛չ էլ Հայաստանում, եթե մենք որոշենք, որ պետք է փրկվենք, կփրկվենք։ Հակառակ պարագայում կկորցնենք ամեն ինչ, եւ սա ոչ թե չափազանցություն է, այլ շատ մոտ իրականություն»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում