Ինչ է մտածում Փաշինյանն աշխատակազմի ղեկավարի տեղակալի ունեցվածքի մասին. «Ժողովուրդ»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, Times․am: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր քաղաքականություն է որդեգրել եւ որոշել անձամբ չպատասխանել լրագրողների հարցերին: Բանն այն է, որ դեռեւս հուլիսի 20-ին «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրանից հետաքրքրվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի եւ նրա կնոջ ունեցվածքի մասին:
Վերջինս, հիշեցնենք, 2021 թվականի մայիսին 584 հազար 950 դոլարով տուն է գնել ԱՄՆ Մերիսվիլ քաղաքում: Մենք այս առիթով Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էինք՝ արդյոք տեղյակ է, որ նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալը, պետական պաշտոնում ծառայելուն զուգահեռ, բիզնես գործունեություն է ծավալել, նաեւ հետաքրքրվել՝ 584 հազար 950 դոլարով տուն գնելն արդյոք կոռուպցիայի վառ օրինակ չէ:
Վարչապետից հետաքրքրվել էինք նաեւ՝ արդյոք պատրաստվում է Բադալյանին աշխատանքից ազատել, թե ոչ: Հետաքրքիր է, որ, անձամբ մեր հարցերին պատասխանելու փոխարեն, Փաշինյանը գրությունն ուղարկել է հենց Բագրատ Բադալյանին, եւ վերջինս ինքնապաշտպանական է գրել. «Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում եմ, որ ես բիզնեսով չեմ զբաղվում, այն հանձնել եմ հավատարմագրային կառավարման՝ համաձայն օրենսդրության, ինչի մասին նշված է նաեւ իմ հայտարարագրում»:
Բայց մեզ հետաքրքրում էր ոչ թե Բադալյանի արդարացումը, այլ հարցը՝ կոռուպցիայի օրինակ է դեպքը, թե ոչ, և ամենակարևորը՝ վարչապտը մտադիր չէ արդյոք պաշտոնանկ անել կասկածելի ճանապարհով հարստացածին: Ամեն դեպքում, հարցումը կրկին ուղարկել ենք:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում