Տղամարդը հրկիզել է ավտոտեխսպասարկման կետի արտաքնոցն ու ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան

Տղամարդը հրկիզել է ավտոտեխսպասարկման կետի արտաքնոցն ու ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, Times․am: ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու, ինչպես նաև գույքը հրկիզման եղանակով դիտավորությամբ վնասելու և խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021 թ. ապրիլի 21-ին Եղեգնաձոր քաղաքի 30-ամյա բնակիչը, նախապես համաձայնության գալով իր 34 և 38-ամյա ընկերների հետ, բենզին են գնել և միասին ավտոմեքենայով ուղևորվել դեպի Մալիշկա գյուղ տանող ճանապարհին գտնվող ավտոտեխսպասարկման կետ: 34-ամյա տղամարդն իր հետ վերցնելով նախապես գնված բենզինը, այն լցրել է ավտոտեխսպասարկման կետի բացօթյա արտաքնոցին և դիտավորությամբ հրկիզել այն, որից հետո միասին հեռացել են։

Շարունակելով իրենց հանցավոր գործողությունները՝ երեքով նույն օրը գնացել են մեկ այլ ավտոտեխսպասարկման կետ, որտեղ երկուսով սպասել են ավտոմեքենայում, իսկ 34-ամյա տղամարդը կացինի գործադրմամբ դիտավորությամբ կոտրելով ավտոտեխսպասարկման կետի պատուհանները և տարածքում կայանված «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, իր հետ նախապես վերցված բենզինը լցնելով ավտոմեքենայի վրա հրկիզել է այն՝ դիտավորությամբ պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 727.500 ՀՀ դրամի գույքային վնաս։

Բացի այդ, 2022թ. փետրվարի 4-ին՝ 30-ամյա տղամարդն նախնական համաձայնության գալով իր վերոհիշյալ 38 և 32-ամյա մեկ այլ ընկերոջ հետ, գնացել են Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոց, որտեղ վերջիններս հարմարեցված բանալիով բացել են շենքերից մեկի բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել ներս և հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր՝ տանտիրոջը պատճառելով խոշոր չափերի՝ 1.427.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 30-ամյա տղամարդուն՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 38-ամյա տղամարդուն՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ 32-ամյա տղամարդուն՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: 30 և 38-ամյա տղամարդկանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ մյուս երկուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում