44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հայտարարում են՝ սեպտեմբերի 27-ին թույլ չեն տա Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր»

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հայտարարում են՝ սեպտեմբերի 27-ին թույլ չեն տա Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, Times․am: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, թե թույլ չեն տալու, որ սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշիննյանն այցելի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

«Մենք՝ Եռաբլուրի հերոսածին ծնողներս, հավատարիմ մնալով աննահանջ պայքարի և մեր տղաների ազգանվեր գործի շարունակության խոստմանը, սեպտեմբերի 26-ին՝ ժամը 23։00-ից սկսած, հավաքվում ենք Եռաբլուրում, որպեսզի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան կանխենք ազգակործան դավաճանի մուտքը պանթեոն։

Ապազգային, դավաճանական քաղաքականության արդյունքում հայրենիքը շարունակում է ծանրագույն հարվածներ ստանալ, որոնց հետևանքներն անմիջապես երևում են Եռաբլուրում։ Ծնողներիս համար այլևս անտանելի է տեսնել, թե ինչպես է մեծանում Եռաբլուրը։

Այս պատճառով, լարելով բոլոր ուժերը, նոր թափ ենք հաղորդել մեր պայքարին։ Հայաստանի ազատագրումը պետք է սկսվի Եռաբլուրից, և դրա առաջին քայլը դավաճանների մեկուսացումն է սրբավայրից։ Այո՛, պետք է վերջ դնենք սրբավայրը որպես թատերաբեմ օգտագործելու սովորույթին, որտեղ դահիճը խոնարհվում է իր զոհի շիրիմի առջև:

Սեպտեմբերի 21-ին ոստիկանների կողմից իրականացված վայրագություններն առաջացրել են մեր բոլոր արժանապատիվ հայրենակիցների ցասումը։ Շնորհակալ ենք գոտեպնդման և աջակցման խոսքերի համար։ Եվ հիմա, կոչ ենք անում գալ ու կանգնել մեր կողքին, որպեսզի միասնական պայքարի արդյունքում հաջողենք։

Եռաբլուրը հայի պայքարող ու չհանձնվող տեսակինն է։

Աստված պահապան մեր հայրենիքին», – ասվում է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում