Զինավոր Մեղրյան. Պատմական մեծ անարդարություն է տեղի ունեցել 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին

Զինավոր Մեղրյան. Պատմական մեծ անարդարություն է տեղի ունեցել 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին

Times.am-ի զրուցակիցն է հասարակական գործիչ Զինավոր Մեղրյանը։

Պարոն Մեղրյան, Ստեփանակերտում նախօրեին տեղի ունեցած հանրահավաքը մեծ ոգևորություն է առաջացրել ժողովրդի մեջ։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ արդյունքներ կունենա հանրահավաքը և արդյո՞ք այդկերպ կարելի է լուծել Արցախի առջև ծառացած խնդիրները։

Հանրահավաքն իսկապես շատ ոգևորիչ էր ու նաև կարևոր։ Ես նկատեցի, որ Արցախում ստեղծված մթնոլորտը շատերը համեմատում են 88-ի ոգու և միասնականության հետ։ Կարծում եմ՝ տեղին ու լավ համեմատություն է։ Այո, արցախահայությունը երեկ մեծ գործընթացի սկիզբ դրեց, որի արդյունքը լինելու է մեր ժողովրդի ազատ և անկախ ապրելու իրավունքի ճանաչումը, անվտանգության ապահովումն ու պետականաշինության գործընթացի հետագա զարգացումը։

Ինչպե՞ս է հանրահավաքը նպաստելու Ձեր նշած խնդիրների լուծմանը։

Ոչ թե հանրահավաքը, այլ այս հանրահավաքով սկիզբ առած գործընթացներն են հանգեցնելու իմ կողմից նշված արդյունքների ապահովմանը։ Հանրահավաքն ինքնին քաղաքական մեկ ակտ էր, որը սակայն ցույց տվեց, որ ժողովրդի մեջ վերականգնվել է սեփական իրավունքների և Հայրենիքի համար պայքարելու կամքն ու վճռականությունը։ Եվ սա ամենակարևոր գործոնն է։ Որովհետև եթե դա չլիներ, ուզում ես 100 հանրահավաք կազմակերպի, միևնույն է արդյունքը զրոյական էր լինելու։ Իսկ երեկ մենք տեսանք, որ ժողովուրդը պահանջատեր է և վճռական։ Չլիներ ժողովրդի գիտակից որոշումը, չէր լինի նաև այդ հանրահավաքը։ Ասածս այն է, որ քաղաքական նման միջոցառում պարզապես հնարավոր չէ կազմակերպել։ Այն պետք է հասունանար և հասունացել է։ Դրա համար էլ մենք տեսանք հրապարակ դուրս եկած տասնյակ հազարավոր մարդկանց և բոլորը մեկ համոզմունքով՝ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։

Բայց արդյո՞ք մարդկանց կամքը բավարար է եղած մարտահրավերները հաղթահարելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Նկատի ունեմ՝ իսկ որտե՞ղ են անհրաժեշտ ռեսուրսները, քաղաքական առաջնորդությունը, միջազգային բարենպաստ պայմանները և այլն։

Բոլոր այդ գործոնները մշտապես բխել և շարունակելու են բխել ժողովրդի ընդունած որոշումներից։ 1988թ. Հայաստանն ու Արցախը շատ ավելի բարդ իրավիճակում էին, քան այսօր։ Բայց մեր հայրերն այն ժամանակ չեն ասել, թե անկախության համար պայքարելու բավարար ռեսուրս կամ միջազգային աջակցություն չկա։ Նրանք պարզապես կայացրել են այդ որոշումը և տեր կանգնել իրենց խոսքին։ Այո, ամեն ինչ շատ դժվար է։ Բայց ո՞վ է ասել, որ պետք է հեշտ լինի։ Ամենևին։ Մենք խոսում ենք պայքարի մասին։ Եվ եթե իսկապես լծվենք այդ պայքարին ու հաղթանակ կերտելու գործին, ապա վստահեցնում եմ, որ անհաղթահարելի թվացող դժվարությունները գրեթե աննկատ են մնալու մեր ժողովրդի համար։

Ուզում եմ նորից շեշտել՝ սա ազգային գործընթաց է, որը պետք է ավարտին հասցնել։ Այս գործընթացն այլընտրանք չունի։ Պարզապես չունի։ Եվ շատ կարևոր է, որ արցախահայությունը նախօրեին հաստատեց այդ ուղով գնալու իր վճռականությունը։ Այս ճանապարհի վերջում մեր ազատությունն ու մեր երեխաների ապագան է։ Մենք պարտավոր ենք հաղթահարել այս ճանապարհը։

Պարոն Մեղրյան, ֆեյսբուքյան գրառումով նախօրեին Դուք նշեցիք, որ ի վերջո պետք է գիտակցել, որ մեր պայքարը հոգևորի մասին է: Բայց նաև կոչ արեցիք պատրաստվել մեծ փորձությունների ու անգամ պատերազմի։ Դուք իսկապե՞ս նոր պատերազմի վտանգ եք տեսնում։ Եթե այո, ապա ինչպե՞ս ենք դիմագրավելու այդ փորձությանը։

Գիտե՞ք, եթե որպես ժողովուրդ մենք իրոք հասկանանք, որ այս պայքարը հոգևորի մասին է, ապա նոր պատերազմն էլ մենք ոչ թե որպես վտանգ, այլ վերականգնվելու հնարավորություն կընկալենք։ Եվ իրականում դա այդպես է՝ պատրաստված ժողովրդի համար պատերազմը ոչ թե վտանգ է, այլ հնարավորություն։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան։ 44-օրյա պատերազմի արդյունքները չեն արտացոլում մեր տարածաշրջանում ուժերի իրական հավասարակշռությունը։ 44-օրյա պատերազմի արդյունքները չեն արտահայտում մեր ժողովրդի իրական տեղն ու դերը այս արևի տակ։ Պատմական մեծ անարդարություն է տեղի ունեցել 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին և այդ հանգամանքը պետք է շտկվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում