Պրոիրանական տրամադրություններ Նախիջևանում։ Ադրբեջանի հատուկ ծառայությունները տագնապած են

Պրոիրանական տրամադրություններ Նախիջևանում։ Ադրբեջանի հատուկ ծառայությունները տագնապած են

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտարարություն է տարածել՝ նշելով, որ լրջորեն զբաղվում են Նախիջևանում անջատողականության և պրոիրանական տրամադրությունների տարածման դեպքերով։

Ադրբեջանի հատուկ ծառայությունների հաղորդագրության մեջ նշված է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերում «Իրանի նախիջևանյան ժողովրդական շարժման» անունից նման հաղորդագրություններ են տարածվում սոցիալական ցանցերում։ Այդ հաղորդագրությունների մեջ նշված է, որ Ադրբեջանի իշխանությունների քաղաքականության պատճառով Նախիջևանը անվտանգային՝ այդ թվում նաև պարենային, լուրջ խնդիրների առջև է կանգնել։ Ավելին, Շարժման անդամները ցանկանում են Նախիջևանը Իրանին միացնելու գործընթաց սկսել։

Ադրբեջանի ՊԱԾ-ը այդ կառույցը ֆիկտիվ է կոչում, բայց նաև նշում է, որ լրջորեն զբաղվում է դրա գործունեությամբ։ Ըստ ադրբեջանական հատուկ ծառայությունների, նման լուրերը տարածվուն են Ադրբեջանի դեմ գործող հայտնի շրջանակների կողմից։ Դրանով հանդերձ սակայն, Ադրբեջանի ՊԱԾ-ը անհրաժեշտ է գտել շեշտել, որ Նախիջրանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի անքակտելի մասն է՝ այդկերպ բացահայտելով Նախիջևանի հետ կապված պաշտոնական Բաքվի իրական վախերը։

Նշենք, որ «Իրանի նախիջևանյան ժողովրդական շարժումը» տեղեկատվական դաշտում ի հայտ է եկել բոլորովին վերջերս՝ այն բանից հետո, երբ ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց օգտագործել Իրանի որոշ շրջաններում սկիզբ առած ժողովրդական բողոքի ցույցերը՝ Իրանի տարածքային ամբողջականությանը սպառնալու համար։ Այդկերպ պաշտոնական Բաքուն փորձում էր ցույց տալ, որ ինքը կարող է սահմանափակել Իրանի ակտիվությունը Հարավային Կովկասում, ավելին՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ է բարձրաձայնել նաև Իրանի Ատրպատական նահանգի պատկանելիության հարցը։

Ի պատասխան Ադրբեջանի այդ հայտարարությունների՝ իրանական կողմն, ըստ ամենայնի, ակտիվացրել է քարոզչական աշխատանքը Նախիջևանում, ինչը դարձել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների մտահոգությունների և վերոնշյալ հայտարարության պատճառ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում