Ապառազմականացված գոտի Արցախի շուրջ։ Ի՞նչ է դա նշանակում

Ապառազմականացված գոտի Արցախի շուրջ։ Ի՞նչ է դա նշանակում

ՀՀ Կառավարության՝ նախօրեին տեղի ունեցած նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Արցախի իշխանություններն առաջարկում են Ադրբեջանին ապառազմականացված գոտի ստեղծել Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ փոխարենը խոստանալով նվազեցնել Պաշտպանության Բանակի թվաքանակն ու հնարավորությունները։ «Հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկն այս թեմայով. Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ: Այդ առաջարկը, կարծում եմ, շարունակում է ուժի մեջ մնալ», – ասել է Կառավարության ղեկավարը։

Կարևոր է փաստել, որ հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգի այս հարցն առաջին անգամ է հրապարակայնացվում։ Ադրբեջանական կողմն իր հայտարարություններում մշտապես պահանջել և շարունակում է պահանջել սկզբից զինաթափել Պաշտպանության Բանակը, իսկ հետո նաև ամբողջությամբ վերացնել այն։

Ադրբեջանի մյուս պահանջը՝ Արցախից դուրս բերել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները, պաշտոնական Երևանն արդեն կատարել է։ Ավելի, հայկական իշխանությունները նաև հայտարարում են, որ Հայաստանը այլևս չի կարող լինել Արցախի անվտանգության երաշխավոր։ Եվ երկու այս փաստերը միանգամայն այլ իրավիճակ են ստեղծում Արցախի համար, որը փաստորեն մնում է ռուս խաղաղապահների և սեփական բանակի հույսին։ Ընդ որում, Արցախի անվտանգության երկու այս գործոններն էլ բավական մշուշոտ հեռանկար ունեն։ Հայտնի է, որ պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի 2025թ.-ին՝ ռուս խաղաղապահների Արցախում գտնվելու հինգերորդ տարու լրանալուց անմիջապես հետո, վերջիններս դուրս բերվեն տարածաշրջանից։ Իսկ հիմա ահա ամենայն լրջությամբ առաջացել է նաև Պաշտպանության Բանակի լինել-չլինելու հարցը…

Ապառազմականացված գոտի Արցախի շուրջ։ Ի՞նչ է իր մեջ պարունակում այս ձևակերպումը։ Ակնհայտ է, որ ԼՂՀ իշխանությունների այս առաջարկը, պետք է որ սահմանի Արցախի ներկայիս սահմաններից որոշակի հեռավորություն ունեցող շառավիղ, որտեղ ադրբեջանցիները չպետք է զորք տեղակայեն։ Որքանո՞վ է այս սցենարն իրատեսական։ Լավ, հարցն այլ կերպ ձևակերպենք՝ որքան՞վ է հավանական, որ Ադրբեջանն իր զորքերը դուրս կբերի, օրինակ, Շուշիից։ Պարզ է, որ ինքնակամ Բաքուն դա երբեք չի անի։ Իսկ Շուշին պատահական օրինակ չէ։ Որովհետև եթե լինի ապառազմականացման գոտի, ապա այն Արցախի սահմաններից որոշակի՝ թեկուզ մինիմալ հեռավորություն պետք է ունենա։ Իսկ Շուշին ոչ մի հեռավորություն չունի Արցախի վերահսկողության տակ գտնվող սահմաններից։ Այն հենց սահմանագծի վրա է։

Բայց կրկին, եթե շատ տեսականորեն համարենք, որ Ադրբեջանը զորքերը դուրս կբերի Շուշիից, ապա ի՞նչ շառավիղ պետք է ունենա Արցախի իշխանությունների առաջարկած ապառազմականացման գոտին։ Այսինքն, Ադրբեջանի առաջապահ զինվորները ի՞նչ հեռավորության վրա պետք է լինեն Արցախի սահմաններց։ Տա՞սը կիլոմետր, քսա՞ն, թե՞ հարյուր։ Ենթադրենք հարյուր (դիտարկում ենք հնարավոր ամենահեռու տարբերակը)։ Միթե՞ դա անվտանգության բավարար երաշխիք է, որպեսզի Արցախը փոքրացնի Պաշտպանության Բանակը կամ նույնիսկ՝ ամբողջությամբ հրաժարվի դրանից։ Իհարկե ոչ։ Նույնիսկ, եթե լինեն միջազգային ամենավստահելի երաշխիքները, միևնույն է պարզ է, որ անհրաժեշտության դեպքում այդ հարյուր կիլոմետրերը հաղթահարելն Ադրբեջանի համար ժամերի հարց կլինի։ Կհասցնի՞ արդյոք Արցախը մի քանի ժամվա ընթացքում կրկին բանակ հավաքել։ Իհարկե ոչ։ Հետևաբար ինչի՞ մասին է խոսքը։

Վահան Կարապետյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում