Էրդողանը նոր մեղադրանքներ է առաջադրել Ռուսաստանին

Էրդողանը նոր մեղադրանքներ է առաջադրել Ռուսաստանին

«Չնայած Ռուսաստանին ուղղված մեր բազում զգուշացումների, որի ուսերին է դրված Հյուսիսային Իրաքի և Սիրիայի տարածքներն ահաբեկիչներից մաքրելու պատասխանատվությունը, համաձայ 2019-ին Սոչիում ձեռքբերված պայմանավորվածության, Մոկսվան չի կատարել ու չի էլ ցանկանում կատարել իր պարտավորվածությունը։ Որպես Թուրքիայի իշխանություն մենք հայտարարել էինք, որ չենք լռելու ահաբեկչության մասին և որ միջոցներ կձեռնարկենք, եթե նրանք դա չանեն։ Ահա թե ինչու ենք մենք հարվածներ հասցրել և ոչնչացրել Քոբանիում տեղակայված ահաբեկիչների 12 ճամբարներ։ Թուրքիային ոչ ոք չի կարող զսպել։ Հակաահաբեկչական այս գործողությունը, ինչպես օդում, այնպես էլ ցամաքում, շարունակվելու է»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով նոյեմբերի 20-ին Իրաքում և Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու իր որոշումը։

Հիշեցնենք, օրեր առաջ Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններում, որի շրջանակում թուրքական օդուժը հարվածներ է հասցրել սահմանամերձ Քոբանի քաղաքին։ Բացի այդ, Թուրքիայի օդուժը հարվածներ է հասցրել նաև Իրաքի հյուսիսում գտնվող քրդական ուժերին։ Ռազմական գործողությանը թուրքական պաշտպանական գերատեսչությունը տվել է «Ճանկ-թուր» անվանումը։

Ի պատասխան Անկարայի այս գործողությունների, քուրդ զինյալները նախօրեին հրթիռակոծել են Թուրքիայի սահմանամերձ երկու քաղաքները, որի արդյունքում Թուրքիայի երեք քաղաքացիներ են զոհվել։

Իսկ այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ Թուրքիայի օդուժը ռմբակոծել է նաև սիրիական Էլ-Հասակեում գտնվող ամերիկյան զորքերի շտաբը։ Պաշտոնական Անկարան մեղադրում է Վաշինգտոնին քրդերին աջակցելու մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում