Ի՞նչ օգնություն է առաջարկել ՀԱՊԿ-ը Հայաստանին

Ի՞նչ օգնություն է առաջարկել ՀԱՊԿ-ը Հայաստանին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, բելառուսական ОНТ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, թե ՀԱՊԿ-ը օգնության մեծ փաթեթ է առաջարկել Հայաստանին։

«Ընդհանուր առմամբ, միջոցառումների այն համալիրը, որն առաջարկում է ՀԱՊԿ-ը որպես օգնություն Հայաստանին և որում կան տարբեր միջոցներ՝ և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ առաքելության ուղարկում սահման, որտեղ այն իրատեսորեն կգնահատի իրավիճակը, ընդհանուր առմամբ աջակցություն է ստացել բոլոր պետություններից»,- ասել է Զասը հարցազրույցում՝ ավելացնելով, որ «միակ բանը, որին չի հաջողվել հասնել այնտեղ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է»։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ իրավիճակը հեշտ չէ, առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. այնտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում։

Եվ չնայած Զասը ինքն է խոսում սահմանում առկա դժվար իրավիճակի մասին ու նաև տեղեկացնում «օգնության փաթեթի» մասին, այնուամենյանիվ այդպես էլ չի մանրամասնում, թե այդ փաթեթում կոնկրետ ինչ կա։

Միակ կետը, որտեղ քիչ թե շատ որոշակիություն կա, հայ-ադրբեջանական սահման իրավիճակը գնահատողց «առաքելություն» ուղարկելու ՀԱՊԿ պատրաստակամությունն է, որը ներկայացվում է, որպես ռազմական աջակցության ամենամեծ հնարավոր տարբերակ։ Պարզ է, որ այդպիսի օգնությունը գրեթե ոչինչ չարժե Հայաստանի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում