«Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, գնահատելով առկա իրավիճակը տարածաշրջանում՝ նշել է. «Մենք ցավով ենք արձանագրում, որ, չնայած տարբեր ուղղություններով ընթացող բանակցություններին, Ադրբեջանի կողմից չեն դադարում առավելապաշտական և ռազմատենչ հայտարարությունները, հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքները և ուժի գործադրման սպառնալիքները։ Բացի այդ, Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար Ադրբեջանի կողմից տեղի են ունենում ռազմական սադրիչ գործողություններ։
Այս փաստերի համադրումը ցույց է տալիս, որ իրավիճակը շարունակում է չափազանց լարված մնալ, և մեր միջազգային բոլոր գործընկերները պիտի հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և պահպանելու Հարավային Կովկասում առկա փխրուն խաղաղությունը»։