Հայաստան ներկրվող շաքարի ծավալը գրեթե կրկնակի նվազել է

Հայաստանի Հանրապետություն ներկրվող շաքարի ծավալն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 1,9 անգամ եւ կազմել 27 հազար 219,1 տոննա: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա առաջին վեց ամիսներին մեր երկիր է ներմուծվել 51 հազար 583,2 տոննա շաքար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստան ներկրված շաքարի կիլոգրամի միջին մաքսային արժեքը նվազել է 11 տոկոսով եւ կազմել 0,57 դոլար (235 դրամ)՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի՝ 0,64 դոլարի (մոտ 260 դրամ) դիմաց: Հայաստան ներմուծված շաքարավազի մեծ մասը Բրազիլիայից է՝ 24 հազար 666,8 տոննա:

Միաժամանակ, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին շաքարավազի միջին մանրածախ գինը Հայաստանում 416-418 դրամ էր: Այսպիսով, շաքարավազի կիլոգրամի միջին գինն այս տարվա առաջին կեսին աճել է 77 տոկոսով՝ սահմանից հասնելով գնորդին: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ում արտադրվել է 22 հազար 425 տոննա շաքարավազ, արտահանվել՝ ընդամենը 222 տոննա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում