Յուրի Վարդանյանի որդու գործի նախաքննության վերաբերյալ տարածված տեղակատվությունը հերքվել է

ՀՀ ոստիկանությունն անդրադաձել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու մոտ թմրամիջոց հայտնաբերելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Զանգվածային լրատվության միջոցներից մեկը, հղում անելով «իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրներին», ստահոդ «նորություններ» է հրապարակել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու մոտ ապօրինի թմրամիջոց հայտնաբերելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ՝ այդպիսով անգիտորեն կամ միտումնավոր թյուրիմացության մեջ գցելով ընթերցողին:

Լրագրողներին ու նրանց գործատուներին բազմիցս հորդորել ենք՝ եթե ձեր խնդիրն իսկապես բարեխիղճ լրատվություն ապահովելն է, ձեռնպահ մնացեք կասկածելի կամ հորինված «աղբյուրներից» և դիմեք իրական ու պատասխանատու մարմիններին, տվյալ դեպքում՝ ոստիկանությանը: Հակառակ դեպքում՝ խաբում եք հասարակությանը՝ ինքներդ էլ հայտնվելով ծիծաղելի վիճակի մեջ:

Իրականում՝ 2013թ. հոկտեմբերի 12-ին’ ժամը 15-ի սահմաններում, Դավիթ Վարդանյանը Երևան-Մեղրի ավտոմայրուղուց բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 99 գրամ հաշիշանման նյութ, բացի այդ, ևս 7 գրամ նմանատիպ նյութ հայտնաբերվել է նրա օրգանիզմից՝ բժշկական միջամտության արդյունքում:

2012թ. հոկտեմբերի 12-ին և 13-ին կատարված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված նյութերը հաշիշ տեսակի թմրամիջոց են: «Իրավագիտակ» լրագրողների համար հատուկ ասենք, որ «ծանր ու թեթև թմրամիջոցներ» իրավական գոյություն չունի, գործում է թմրամիջոցների դասակարգում՝ ըստ չափի, տեսակի և ծագման, իսկ 106 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ: Ինչ վերաբերում է Դավիթ Վարդանյանի ցուցմունքներին, ապա նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել իր գործածման համար: Դավիթ Վարդանյանը կալանավորված է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է;

Կրկին կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին՝ օգտագործել միայն օբյեկտիվ ու ճշտված տեղեկություններ և ապատեղեկատվությունից զերծ մնալու համար ազնվորեն համագործակցել իրազեկ մարմինների հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում