Զավեշտալի դեպք՝ ԱԺ-ում. տրամաբանական սխալներով օրենքի նախագիծ է ընդունվել
Նմանատիպ
«Հայկական ժամանակ»-ում կարդում ենք». «Երեկ զավեշտալի դեպք է գրանցվել Աժ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նախագծին՝ քվեարկությամբ ընդունել է այն։ Ավելի ուշ պարզվել է, որ սխալմամբ քննարկման է ներկայացվել նախագծի սևագիր, աշխատանքային տարբերակը, որը հակասող դրույթներ է պարունակում և տրամաբանական սխալներ։ Հանձնաժողովի անդամները քննարկման սկզբում ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ, հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանի ուշադրությունը հրավիրել են այն փաստին, որ նախագծի հետ ինչ-որ բան այնպես չէ։ Սակայն կառավարության ներկայացուցիչը վստահաբար պնդել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը բարելավվել է և ստացել այն տեսքը, որ պիտի ունենար։
Արդյունքում, նրան հաջողվել է համոզել հանձնաժողովի անդամներին, որ «կողմ» քվեարկեն, և երեք ԲՀԿ-ական և մեկ ՀՀԿ–ական պատգամավորներ «կողմ» են քվեարկել։ Ավելի ուշ, սակայն, չգիտես ինչպես, կառավարությունում պարզել են, որ սխալ թուղթ են ուղարկել Աժ և կանգնել են փաստի առջև։ Ըստ կանոնակարգի, ընդունված նախագիծը պետք է ընդգրկվի Աժ առաջիկա քառօրյայի օրակարգ, սակայն կստացվի, որ ինչ-որ մի սևագիր, օրենքի ուժ պիտի ստանա։ Այժմ կառավարության և Աժ մասնագետները քննարկում են, թե ինչպես դուրս գան այս իրավիճակից»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում