Կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը քաղաքացին կարող է կատարել մինչ հաջորդ տարվա մարտ
Նմանատիպ
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուները կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը կարող են կատարել մինչ հաջորդ տարվա մարտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ այս մասին Ազգային ժողովում հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը’ հավելելով, որ կենսաթոշակային հաշիվ բացելուց հետո 30 օրվա ընթացքում մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելու դեպքում մասնակցի համար կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը կատարում է մասնակիցների ռեեստրը վարողը: «Նախապես որոշված էր ընտրություն չկատարած քաղաքացիներին տեղեկացնել գրավոր նամակի տեսքով, բայց մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այդ տարբերակը բավականին թանկ է: Այդ պատճառով որոշեցինք իրականացնել հանրային իրազեկում, այնուհետև փետրվարից մարտ ընկած ժամանակահատվածում երկու անգամ ծանուցել քաղաքացիներին’ ըստ իրենց տրամադրած հասցեների: Երկրորդ ծանուցման մեջ կներառվի տեղեկատվություն հետևանքների մասին, և եթե հետո քաղաքացին չընտրի կենսաթոշակային ֆոնդը, այդ ժամանակ ավտոմատ համակարգը կընտրի նրանց փոխարեն»,- պարզաբանեց Ներսես Երիցյանը’ հավելելով, որ քաղաքացին իր հայեցողությամբ է ֆոնդ ընտրելու, և որևէ մեկը իրավունք չունի խորհրդատվություն տալ: «Արգելված է ցանկացած տիպի խորհրդատվությունը, ակտիվի կառավարիչն էլ չի իմանալու’ ում է կառավարում»,- ասաց ԿԲ փոխնախագահը’ նշելով, որ կառավարիչների կատարողականների բացատրության առումով բնակչության շրջանում ֆինանասական իրազեկման աշխատանքներ կիրականցվեն:
Ներսես Երիցյանի խոսքով’ ՀՀ Կենտրոնական բանկի գործառույթների մասով նախատեսված է որոշակի ճկունություն, որով ԿԲ-ն կփորձի կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար հավասար հնարավորություններ ապահովել: «Դա արվելու է, որպեսզի ֆոնդերը չմրցեն ոչ սակագներով, ոչ անառողջ մարկեթինգային ռազմավարությամբ, այլ կենտրոնան քաղաքացիների գրագիտության ապահովման վրա»,-ասաց նա:
Ներսես Երիցյանի հավաստիացմամբ’ քաղաքացին կարող է մեկ տարվա ընթացքում կուտակած իր գումարը մեկ պորտֆելից փոխանցել մեկ այլ պորտֆել’ միաժամանակ ընտրելով կուտակումների իր նախընտրելի չափը:
Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքը ուժի մեջ կմտնի 2014 թ. հունվարի 1-ից, ըստ որի’ 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն եկամուտների առնվազն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ հատուկ բացված հաշիվներին, իսկ կուտակված գումարը կկառավարեն կենսաթոշակային ֆոնդերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում