Հայաստանում կյանքը չեն ապահովագրում
Նմանատիպ
Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունները չեն իրականացնում կյանքի ապահովագրություն։ Դա պայմանավորված է հիմնականում լիցենզավորման խնդիրներով և ընկերությունների փորձի պակասով։ Կյանքի ապահովագրությունը ենթադրում է երկարաժամկետ ռիսկի գնահատում, և ապահովագրական հատուցումները կարող են կատարվել երկար տարիներ անց։
«Արմենպրես»-ի հետ զրույցում «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության գործակալական դպրոցի տնօրեն Նոնա Գյուրջյանը տեղեկացրեց, որ կյանքի ապահովագրություն իրականացնելու համար հարկավոր է առանձին լիցենզավորում։ «Քանի որ Հայաստանում ապահովագրությունը նոր է զարգանում, և չկան երկար տարիների պատմություն և փորձ ունեցող ապահովագրական ընկերություններ, նրանց չեն տրվում կյանքի ապահովագրության լիցենզիաներ։ Այստեղ ընկերության պատմությունը մեծ նշանակություն ունի, քանի որ կյանքի ապահովագրության դեպքում գումարի վերադարձը կարող է կատարվել երկար տարիներ անց։ Օրինակ, 30 տարեկանում ապահովագրված անձը թոշակի է անցնում 63 տարեկանից հետո, և միայն այդ ժամանակ է կատարվում գումարի վերադարձը, մինչդեռ երեք տասնամյակ նա ապահովագրավճար է մուծում»,- ասաց Գյուրջյանը։ Նա հավելեց, որ խոսքը մեծ կապիտալի մասին է, հետևաբար փորձ չունեցող ապահովագրական ընկերությունը չի կարող իրավունք ստանալ տնօրինել այդ կապիտալը։
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ Հայաստանում գործում են ապահովագրական 7 ընկերություններ։ Այդ ընկերություններում գործող ապահովագրական պայմանագրերի քանակն այս տարվա երրորդ եռամսյակում 595 հազար 433 է։ Նշված ժամանակահատվածում ապահովագրավճարները կազմել են 5 մլն 666.3 հազար դրամ, ապահովագրական հատուցումները՝ 4 մլն 942.8 հազար դրամ։ Ապահովագրավճարների մեծ մասը՝ 2 մլն 532.7 հազար դրամ, ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությանն է։ 1 մլն 179.6 հազար դրամ կազմել են գույքի ապահովագրավճարներ ը, 1 մլն 414.4 հազար դրամ՝ անձնական ապահովագրավճարները։ Պատասխանատվության ապահովագրավճերը հունվար-հոկտեմբերին կազմել են 141.1 հազար դրամ, և ևս 398.5 հազար դրամ կազմել են այլ ապահովագրավճարները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում