«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն կոչ է անում Ամանորին հետևել սննդամթերքի պահպանման կանոններին

Ամանորի տոներին տհաճ իրավիճակներից և թունավորումներից խուսափելու նպատակով «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը կոչ է անում գնումներ կատարելիս պահպանել որոշ պարտադիր և տարրական կանոններ:

Հատկապես նախատոնական օրերին կարծես անվերջանալի հերթեր են առաջանում իրացման կետերում, և այդ քաոսային իրավիճակից րոպե առաջ դուրս պրծնելու ցանկությամբ ոչ բոլորն են ուշադրություն դարձնում, թե ինչ են գնում և ինչ պայմաններում: Մասնավորապես, միս ձեռք բերելիս անհրաժեշտ է հետևել, որպեսզի պահպանված լինեն հիգիենայի կանոններն ու պահման պայմանները, միսը պահված լինի սառնարանում, ինչպես նաև անհրաժեշտ է պահանջել անասնաբուժասանիտարական փորձաքննության կտրոնը: Նախընտրելի է նաեւ անասնաբույժի տրամադրած ուղեկցող փաստաթղթի առկայությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ֆեյսբուքյան պաշտոնական էջը, Ամանորի տոներին աղցաններն անհրաժեշտ է պատրաստել քիչ քանակով, մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ, զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը կաթսայի մեջ նախօրոք եռացնել 20-25 րոպե: Պատրաստի սննդամթերքը հարկավոր է պահպանել սառնարանում 72 ժամից ոչ ավելի:
Բացի նշվածից, շատ կարևոր է չխախտել գնված սննդամթերքի պահպանման պայմանները տանը՝ բացելուց հետո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում