Ալեքսանդր Ամարյանն ահազանգում է բանակում հոգևորսության վտանգի մասին

ՀՀ զինված ուժերում աղանդների տարածման դեմ առավել ակտիվ պայքար պետք է իրականացնել: Դեկտեմբերի 11-ին հրավիրված ասուլիսում այս մասին կարծիք հայտնեց «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը: Նրա խոսքով’ վերջին տարիներին տարբեր աղանդների հաջողվել է ներթափանցել Հայաստանի ուժային կառույցներ:«Բազմաթիվ դեպքեր կան, երբ աղանդավորներն ակտիվորեն գործում են բանակում, քարոզներ կարդում’ հոգևորսություն կատարում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ տեղեկացրեց Ամարյանը: Նրա խոսքով’ թեև վիճակագրական հստակ տվյալներ չկան, սակայն իրենց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վերջին մեկ տարում նման դեպքերի թիվն ավելացել է:

«Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» տնօրենի գնահատմամբ’ պատահական չէ, որ առաջին անգամ 2013 թ-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը սկսեց հետաքննել բանակում կատարված ինքնասպանությունների դրդապատճառները, ինչը ցույց է տալիս, որ հաճախ ինքնասպանություն գործած բանակայիններն անդամակցել են այս կամ այն կրոնական կառույցին, և միայն կենցաղային կամ սիրային պատճառներից դրդված չէ, որ դիմել են ինքնասպանության:

«Այս խնդիրը հիմնականում նրանից է գալիս, որ զորակոչի ժամանակ կարևորվում է միայն զինվորի ֆիզիկական առողջությունը, և ոչ նաև’ հոգեկանը: Մինչդեռ դրան նույնպես պետք է ուշադրություն դարձնել»,- շեշտեց բանախոսը: Նա պատահական չհամարեց նաև այն հանգամանքը, որ հաճախ այս կամ այն աղանդավորական կառույցները նախընտրում են տեղակայվել զորամասների հարևանությամբ և նման օրինակ կա Արտաշատում, ինչը նրանց համար ուժային կառույցների անվտանգության մասին տեղեկատվություն հավաքագրելու լավ հնարավորություն է:

Նրա խոսքով’ ՀՀ զինված ուժերում այսօր աշխատում է շուրջ 50 հոգևորական, սակայն անհրաժեշտ է, որ նրանց թիվն ավելանա, և յուրաքանչյուր զորամաս ապահովված լինի իր հոգեևորականով: Ամարյանը զինվոր-հոգևորական կապն անհրաժեշտություն է համարում:

«Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնը» Լեռնային Ղարաբաղում նոյեմբերին դասընթացներ է անցկացրել զինվորական զորամասի ղեկավարների համար’ փորձելով աղանդներից խուսափելու համար անհրաժեշտ իրազեկման աշխատանք կատարել: Ամարյանը հորդորեց պետական մարմիններին առավել ակտիվ պայքար տանել աղանդավորների դեմ պայքարում:

Պաշտոնական տվյալների համաձայն’ Հայաստանում տարածված է 215-ից ավելի աղանդ, որոնցից գրանցված է 50-ը: Վերջինը’ «Քրիստոնեական միջազգային ընտանիք» աղանդը ներթափանցել է մեր երկիր Ուկրաինայից: Այն սարսափելի վտանգ է ներկայացնում, քանի որ քրիստոնեության անվան տակ քարոզում է միասեռականություն և արյունապղծություն, որը ենթադրում է ընտանիքի անդամների միջեւ սեռական հարաբերություններ: Աղանդի քարոզչական ուղղություններից մեկն էլ մանկապղծությունն է’ պեդոֆիլիան, և ինքնասպանության խրախուսումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում