Տեղի է ունեցել «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցահանդեսը

«Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցահանդեսը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանում այցելուների դատին կներկայացնի գեղանկարչի տուն-թանգարանի հավաքածուից 30 ստեղծագործություններ: Ցուցահանդեսը «Նվիրատվությունների սրահում» հնարավոր կլինի այցելել դեկտեմբերի 20-ից: «Արմենպրես»-ի հետ զրույ ցում Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը նշեց, որ ցուցահանդեսում ներկայացված է տուն-թանգարանի հավաքածուի ընտրանին: «Քանի որ ցուցասրահի տարածքը շատ մեծ չէ, մենք կրճատել ենք այն աշխատանքների թիվը, որոնք պետք է ներկայացնեինք այս ցուցահանդեսում»,-պատմեց Սարյանը: Նրա խոսքով’ ցուցահանդեսի համար պատվիրվել են հատուկ ստենդներ, որոնց վրա էլ ներկայացվելու են աշխատանքները: «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչ 2014 թվականի հունիս: Բացառված չէ, որ մինչև նշված ժամկետը ցուցահանդեսի հավաքածուն համալրվի:

2013 թվականի տարվա հուլիսի 1-ից Սարյանի տուն-թանգարանում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները: Գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանրագանի հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո թանգարանի բնակելի մասը նույնպես կընդգրկվի մշտական ցուցադրության մեջ’ նորովի ներկայանալով այցելուներին: Տան բնակելի մասում հնարավորություն կստեղծվի մտերմիկ մթնոլորտում անցկացնել տարատեսակ գրական-մշակութային, հուշ- երեկոներ:

Ավելացվող չորրորդ հարկում ծրագրված է ստեղծել միջոցառումների սրահ, որը կանվանակոչվի վարպետի որդու’ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի և վերջինիս կնոջ’ երաժշտագետ Արաքսի Սարյանի անուններով:

Թանգարանի հիմնանորոգման ու չորրորդ հարկն ունենալու երազանքի մասին Ռուզան Սարյանը պատմել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, երբ երկրի ղեկավարը 2011թ. հուլիսի 26-ին այցելել էր թանգարան: Այնուհետեւ մասնագետները գնահատել են, պատրաստել եզրակացություն, ինչից հետո հատկացվել է գումարը, եւ սկսվել է շինարարությունը:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնանորոգման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվել է 396 միլիոն դրամ: Տուն-թանգարանը բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին’ նկարչի կենդանության օրոք: Հավաքածուի համար հիմք են հանդիսացել Սարյանի նվիրաբերած իր 50 ստեղծագործությունները: Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում