Ադրբեջանի շիա և սունի հոգևոր առաջնորդները միմյանց մեղադրում են

Սիրիայում հակակառավարական ուժերի դեմ ռազմական գործողություններին որպես մոջահեդ Ադրբեջանի քաղաքացիների մասնակից լինելու և վերջին շրջանում մեծ թվով զոհեր ունենալու մասին մամուլում արված հրապարակումներից հետո Ադրբեջանի սունի և շիա կրոնական համայնքների ղեկավարները սկսել են մեղադրել միմյանց Սիրիա արմատական իսլամիստներ ուղարկելու մեջ:

Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի ղեկավարած Կովկասի մահմեդականների վարչության լիազոր ներկայացուցիչ Սուրխայ Մամեդլին հայտարարել է, որ իրենք մեծ թվով բողոքներ են ստանում այն մասին, որ «Աշուր» մզկիթում (սունիական), որը հայտնի է որպես «Լեզգի մզկիթ», զբաղվում են ադրբեջանցիներին Սիրիա ուղարկելով: «Երիտասարդներն այդ մզկիթում նամազ անելուց հետո ընկնում են արմատական խմբերի ազդեցության տակ»,- ասել է նա:

«Լեզգի մզկիթում», սակայն, հերքում են այդ մեղադրանքները և պնդում, որ համայնքի ամբողջ գործունեության ընթացքում Սիրիա կռվելու է մեկնել ընդամենը մեկ մարդ: Բաքվի լեզգիական մզկիթում տեղակայված «Սամուրի հավատացյալներ» կրոնական համայնքի ղեկավար Ֆաիգ Մուստաֆան այդ մեղադրանքները զառանցանք է անվանել: «Հաջի Սուրխայի բոլոր ասածները զառանցանք են, մենք ոչ մեկին չենք հավաքագրում և չենք ուղարկում Սիրիա: Ընդամենը մեկ դեպք է եղել, ինչի մասին ես տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին: Մեզ մոտ նամազի են գալիս հարյուրավոր հավատացյալներ, մենք չենք վերահսկում նրանց գործողություններն ու մտադրությունները»,- ասել է Մուստաֆան:

Ֆաիգ Մուստաֆան Կովկասի մահմեդականների վարչությանը մեղադրել է կանխակալություն դրսեւորելու մեջ: «Եթե հաջի Սուրխայը իրապես անհանգստանում է Ադրբեջանի’ Սիրիայում կռվող քաղաքացիների համար, ապա ինչո՞ւ նա չի հետաքրքրվում Նարդարանի և Մաշտաղայի մզկիթներից (շիա) Բաշար Ասադին պաշտպանելու մեկնած ադրբեջանցիներով: Նրանցից ոմանք անգամ վերադարձել են հետ’ Ադրբեջան: Վարչությունը չի ուզում նկատել այն ադրբեջանցիներին, ովքեր կռվում են Ասադի համար, և հարձակվում է մեզ վրա այն բանի համար, որ մեր ծխականներից մեկը մեկնել է պատերազմ», հայտարարել է նա :

Չնայած միջազգային կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների հրապարակումներին, Ադրբեջանի պաշտոնական շրջանակները մինչ այժմ բոլոր միջոցներով հերքում էին Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող արմատական իսլամիստական խմբավորումնների շարքերում Ադրբեջանի քաղաքացիներ լինելու հանգամանքը: Սիրայում հակակառավարական ուժերի շարքերում որպես մոջահեդ Ադրբեջանի քաղաքացիների կռվելու վերաբերյալ պնդումների հետ կապված’ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն ԱԳՆ մակարդակով հանգամանորեն ուսումնասիրում է ? ?իրիայում մարտական գործողություններին Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում