Եվրամիությունը Ուկրաինայի իրադրությանը նվիրված գագաթնաժողով կանցկացնի. Բառոզու

Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Եվրամիությունը մտադիր Է հանդիպում անցկացնել պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 3-ին հայտարարել Է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն:

«Մենք արդեն ստեղծված իրադրության կապակցությամբ հայտնել ենք մեր շատ լուրջ անհանգստությունը: Իրադրությունը չի բարելավվել: Մենք աշխատում ենք անդամ բոլոր պետությունների հետ, որպեսզի ընդհանուր դիրքորոշում մշակենք այդ իրադարձությունների նկատմամբ: Այսօր տեղի կունենա արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, իսկ շատ շուտով Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները նույնպես կհանդիպեն, որպեսզի պատրաստեն ընդհանուր հակազդումը»,- ասել Է Բառոզուն:

Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս զգալի թվով շփումներ են տեղի ունեցել ինչպես Ուկրաինայի, այնպես Էլ Ռուսաստանի իշխանությունների հետ: «Մենք հավատում ենք, որ շատ կարեւոր Է դրսեւորել մեր հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը»,-ասել Է Եվրահանձնաժողովի նախագահը:

Բառոզուի խոսքով՝ ներկայում աշխատանք Է տարվում Ուկրաինային աջակցության փաթեթ պատրաստելու համար:

«Եվ ես, եւ Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինային աջակցելու մի քանի տարբերակ ենք պատրաստում: Ինչպես արդեն ասել ենք, մենք հավաստում ենք մեր պատրաստակամությունը՝ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում Ուկրաինային առաջարկել քաղաքական ասոցիացիա եւ տնտեսական ինտեգրացիա»,-արձանագրել Է Եվրահանձնաժողովի նախագահը:

Ինչպես արդեն հաղորդվել Է, Բրյուսելում մարտի 3-ին տեղի կունենա ԵՄ-ի անդամ 28 երկրների ԱԳ նախարարների արտահերթ հանդիպումը՝ նվիրված Ուկրաինայի իրադրությանը: Այն անցկացնելու համար Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Ուկրաինա նախատեսված այցը մարտի 3-ից հետաձգել է մարտի 5-ին:

Եվրամիության երկրներին այդ հանդիպմանը իրենց դիրքորոշումները ձեւակերպելուն օգնել է Հյուսիսատլանտյան խորհրդի՝ դեսպանների մակարդակով մարտի 2-ին կայացած վեցժամյա նիստը, խորհուրդ, որտեղ ներկայացված են ԵՄ-ի երկրների մեծամասնությունը, ինչպես նաեւ ԱՄՆ-ը, Կանադան եւ Թուրքիան:

ՆԱՏՕ-ի խորհուրդը կոչ է արել Ռուսաստանին «Ուկրաինայի որեւէ մասում ձեռնպահ մնալ միջամտությունից» եւ «իր զորքերը վերադարձնել ռազմակայաններ»: Դաշինքը նաեւ կոչ է արել Ուկրաինա ուղարկել ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի դիտորդների եւ բանակցություններ սկսել կողմերի միջեւ:

Հայտարարության մեջ ընդգծվում է Ուկրաինայի կողմից «մարդու, ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգման շուրջ եւ օրենքի գերակայությանը համապատասխան քաղաքական երկխոսությունը» շարունակելու անհրաժեշտությունը:

Ուկրաինան «ՆԱՏՕ-ի կարեւոր գործընկերն է», եւ դաշինքը լիովին պաշտպանում է «նրա անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», ընդգծել են հանդիպման մասնակիցները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ամփոփելով հանդիպման արդյունքները, հայտարարել է, որ մոտ ժամանակներս մտադիր է ՌԴ-ի հետ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում բանակցություններ վարել Ուկրաինայի իրադրության շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում