Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը’ վարկավորման բաժնի ղեկավար Ֆիլիպ Սիմչակի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրնում են ՀՀ ԱԱԽ մամուլի ծառայությունից, անդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը Եվրոպական ներդրումային բանկի հետ արդեն ունի համագործակցության պատմություն և փորձ’ մատնանշելով ՀՀ Բագրատաշեն, Գոգ ավան և Բավրա’ հյուսիսային երեք անցակետերի արդիականացման ծրագիրը: Եվրոպական ներդրումային բանկը հանդիսանում է այս համապարփակ ծրագրի համաֆինանսավորողը:
Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության զարգացման համար:
Ֆիլիպ Սիմչակը նշել է, որ Եվրոպական ներդրումային բանկը ներկայումս, համաձայն ԵՆԲ 2014-2020թթ. ֆինանսական ռազմավարության, ձեռնամուխ է եղել ԵՄ Արևելյան գործընկերության երկրների ռազմավարական կարիքների վերլուծությանը և ֆինանսավորում է իրականացնելու կրթության, գիտության, առողջապահության, ենթակառուցվածքների արդիականացման, էներգետիկայի, ՓՄՁ-ների և մի շարք այլ ոլորտներում:
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում քննարկել Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանի համար գերակա ծրագրերի ֆինանսավորման հարցեր: