Տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ երիտասարդությունն ամրապնդեց իր դիրքերը հասարակությունում. փորձագետ

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինտերնետի ի հայտ գալով՝ աշխարհում սկզբունքային փոփոխություններ տեղի ունեցան: Ծաղկաձերում անցկացվող «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողովի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Ստեղծվեց մի իրավիճակ, որի շնորհիվ երիտասարդությունն ավելի ամրապնդեց իր դիրքերը հասարակության մեջ: Տնտեսության շատ լուրջ հատված անցավ տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտ, և 20 տարեկան երկու երիտասարդներ կարող էին ավտոտնակում կազմակերպություն բացել և երկու տարի հետո դառնալ միլիոնատեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց փորձագետը:

Մարտիրոսյանը խոսքով՝ եթե նախկինում երիտասարդները կրթվում էին ավագ սերնդի կողմից, ապա ներկայումս հակառակ իրավիճակն է՝ տարեցներին կրթում են երիտասարդները: Ըստ նրա՝ 50 տարի առաջ կրթություն ստանալու համար մարդիկ կարող էին ամեն ինչ թողնել ու մեկնել որևէ երկիր սովորելու, կամ օգտվում էին հանրագիտարաններից, իսկ հիմա ինչ-որ առարկայի գծով կրթություն ստանալու համար մարդիկ «փորփրում են» ինտերնետը:

Մարտիրոսյանը նշեց, որ հիմա Վիքիպեդիայում նյութեր գրում են 20-26 տարեկան երիտասարդներ, ուստի ստացվում է, որ երիտասարդներն են հիմա տարեցներին կրթում: «Մարդիկ դեռևս լավ չեն հասկանում, որ այսպիսի իրավիճակ է ստեղծվել, սակայն իրականում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում մարդկության բնակոնան զարգացման գործընթացքում»,- ասաց նա:

Փորձագետն ընդգծեց, որ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ միջին տարիքի երեխան գերադասում է կրթություն ստանալ ոչ թե դպրոցում, այլ ինտերնետում: Նրա խոսքով՝ նույնիսկ շատ երիտասարդներ այսօր պատմություն սովորում են ոչ թե դպրոցում, այլ պատմության մասին տեղեկանում են մի շարք համակարգչային խաղերի միջոցով:

Նա նշեց, որ երիտասարդությունը գտել է այն տեղը, որտեղ կարող է իրեն դրսևորել: «Ես դժվարանում եմ ասել՝ սա լավ է, թե վատ, քանի որ գիտելիքն այսօր շատ արագ է տարածվում, սակայն դա մեծ հաշվով չստուգված գիտելիք է»,- ասաց Մարտիրոսյանը:

Ծաղկաձորում մեկնարկել է «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով եռօրյա համաժողովը՝ նախատեսված հիմնականում լրագրողների համար: Համաժողովի ընթացքում կքննարկվեն կրթական, հոգևոր-հայրենասիրական և այլ բնագավառներում գոյություն ունեցող այն հիմնախնդիրները, որոնք հրատապ են և հուզում են երիտասարդներին: Անդրադարձ կկատարվի նաև հետևյալ հարցերին. արդյոք երիտասարդական հիմնախնդիրները պատշաճ կերպով ներկայացվո՞ւմ են սոցիալական ցանցերում, ի՞նչ անելիքներ կան այս ոլորտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում