Արամ Սարգսյանն առաջարկում է վարչապետի թեկնածու փնտրել նաև դրսում

Հայաստանի Հանրապետության վարչապետի հավանական թեկնածուների պետք է փնտրել ոչ միայն երկրի ներսում, այլ նաև դրսում: Ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկտրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Դրսում էլ կան մարդիկ, ովքեր ունեն վարչապետ դառնալու հնարավորություն և միգուցե նաև ցանկություն, և ճիշտ կլինի դիտարկել նաև նրանց վարչապետ նշանակելու տարբերակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ սա կարող է շատ լավ տարբերակ լինել երկրում համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար, քանի որ պետք չէ վարչապետ նշանակել միայն կոսմետիկ բարեփոխումների համար:

Հարցին, թե ո՞ւմ նկատի ունի, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ չի ցանկանում անուններ հնչեցնել, այլ ուղղակի հուշում է, որ նման տարբերակ էլ կա: «Գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ դրսում կան հայեր, ովքեր իրենց ունակություններով, գիտելիքներով, միջազգային կապերով բոլոր հնարավորություններն ունեն վարչապետ դառնալու համար, իսկ անուններ, ես չեմ ցանկանում նշել, քանի որ որոշողը ոչ թե ես եմ, այլ երկրի Նախագահը»,- ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ թեև Հայաստանը փոքր երկիր է, սակայն հայ ժողովուրդը շատ մեծ ներուժ ունի, հատկապես դրսում, ի սկ այդ ներուժն անհրաժեշտ է ճիշտ օգտագործել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում