Երեք մրցանակակիր` միջազգային մրցաշարերում

Երեք մրցանակակիր` միջազգային մրցաշարերում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երկու խումբ մասնակցեց տարբեր երկրներում զուգահեռաբար անցկացված միջազգային բարձր կարգի մրցաշարերի:

Ուկրաինայի Խերսոն քաղաքում հեղինակավոր մրցակիցների հետ մենամարտեց գյումրեցի Հովհաննես Բաչկովը / 60 կգ /: Նա անկոտրում կամք դրսևորեց օլիմպիական խաղերի մասնակիցների նկատմամբ: Հաղթեց, օրինակ, լոնդոնյան մարզահանդեսի հինգերորրդ մրցանակակիր, ուզբեկստանցի Գաիբ Նազարովին, ուկրաինացի Օլեգ Չեռնյակին, իսկ խերսոնցի Պավել Իշչենկոյի հետ կայացած եզրափակիչ մենամարտում մրցավարները միավորների չնչին տարբերությամբ հաղթանակը շնորհեցին տանտիրոջը: Բայց գրաված երկրորդ տեղը նույնպես պատվաբեր է շնորհալի գյումրեցու համար:

Դժգոհելու տեղիք չտվին նաև Ղազախստանի Ուրալսկ քաղաքի միջազգայինում հանդես եկած մեր տղաները: Երևանցիներ Կորյուն Սողոմոնյանը / 49 կգ / և Ազատ Դավթյանը / 91 կգ / կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:

Մրցաշարերը Հայաստանի բռնցքամարտիկների համար մայիսի 31 –ին Մինսկում մեկնարկելիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլերից էին:

Տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում