Նատալյա Պարտիկա. Պետք է պարզապես հավատաս ուժերիդ
Նմանատիպ
Նատալյա Պարտիկան ծնվել է 1989թ. հուլիսի 27-ին` Գդանսկում: Թեպետ աղջնակը լույս աշխարհ է եկել առանց աջ ձեռքի, դա նրան չի խանգարել մեծ հաջողությունների հասել սեղանի թենիսում:
Ամեն ինչ սկսվեց 7 տարեկանից, երբ նրա ավագ քույրը’ Լիզան Նատալյային պինգ-պոնգ խաղալ սովորեցրեց: Դրան հաջորդեցին անընդհատ մարզումներն ու փայլուն արդյունքները…
10 տարեկանում աղջնակն արդեն երկրի չեմպիոնն էր, իսկ առաջին միջազգային մեդալը Նատալյան ստացել է հաշմանդամություն ունեցող անձանց Աշխարհի առաջնությունում’ 1999-ին: Հաջորդ տարում արդեն մասնակցել է Սիդնեյի Պարալիմպիկ խաղերին: 2004-ին Նատալյան Աթենքի Պարալիմպիկ խաղերում արծաթե մեդալակիր դարձավ: Նույն տարում նա երկու ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում: Թվարկվածները նրա հաջողությունների մի մասն են միայն: Նատալյայի հաշմանդամությունը չի խանգարում մեծ սպորտում փայլուն կարիերա կերտել.
-Ես երջանիկ եմ, վստահ եմ, որ ուժեղ եմ: Հարցը ֆիզիկականի մասին չէ, այլ’ հոգեբանականի: Երբ հաշիվն անգամ 9:9 է, ես չեմ վախենում: Ես հավատում եմ իմ աստղին ու իմ տեմպն եմ թելադրում մրցակցիս: Երբեք իմ հանդեպ խղճահարություն չեմ զգացել: Մարզումների ժամանակ ինձանից պահանջում են այն, ինչ մյուսներից: Ինձ վրա էլ նույն խստությամբ են բարկանում, եթե սխալներ եմ թույլ տալիս,-ասում է մարզուհին:
Օլիմպիական խաղերը Նատալյայի երազանքն էր… Առաջնությանը անհատական պայքարով մասնակցել նա չկարողացավ, սակայն մարզիչները նրան ընդգրկեցին թիմային պայքարում: Նատալյան երջանիկ էր, քանի որ 2008-ին, 19-ամյա աղջիկը մեկն էր հաշմանդամություն ունեցող այն մարզիկներից, որ մասնակցեց Օլիմպիական խաղերին: Նրա հետ էր նաև լողորդուհի Նատալի դյու Թուան.
-Երբեք չեմ մոռանա Պեկինը. մրցաշարի մթնոլորտը, երկրպագուների բազմությունը, կազմակերպիչներին, Օլիմպիական գյուղը…Ես այնտեղ փոքրիկ աստղ էի, բոլորը հետաքրքրված էին իմ խաղով: Սեղանի թենիսը Չինաստանում մասսայականություն է վայելում: Այո, ես միայն թիմով հանդես եկա, սակայն դա առիթ էր Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Ես հույս ունեմ, որ իմ ելույթները դիտելով` հաշմանդամություն ունեցող մարդիկ կհավատան, որ եթե որևէ բան ուզում ես, պետք է պազապես հավատաս ուժերիդ,-ասել է Նատալյան:
Աղջիկն այդ անգամ հայրենիք վերադարձավ առանց մեդալի, սակայն նրան արդեն բոլորն էին ճանաչում:
Նատալյան 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերին ևս մասնակցեց հավաքականի հետ:
Նատալյայի սիրելի զբաղմունքներից է ընթերցանությունը: Ասում է, որ իրեն հատուկ է այն ամենն ինչ հատուկ է իր տարիքի աղջիկներին: Ապագայում չեմպիոնուհին կամ հոգեբան կդառնա, կամ էլ մարզիչ:
Պատրաստեց’ Անի Պետրոսյանը
7254/
Հետևեք մեզ նաև Telegram-ում