Անդրեա Պիրլո. Մտածում եմ, հետևաբար խաղում եմ (մաս 2-րդ)

Անդրեա Պիրլո.  Մտածում եմ, հետևաբար խաղում եմ (մաս 2-րդ)

Հրապարակման առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ

2011 թվականի մայիսի 24-ին Անդրեա Պիրլոն իր կարիերայում նոր էջ բացեց’ պայմանագիր կնքելով «Յուվենտուսի» հետ: Այն «Յուվենտուսի», որտեղ Անդրիանո Գալիանին տեղափոխվել խորհուրդ չէր տվել: Թուրինյան ակումբում Պիրլոն, կարծես, երիտասարդացավ, նոր մոտիվացիա ստացավ: Առաջին իսկ մրցաշրջանում’ 35 խաղում, Պիրլոն դարձավ 3 գոլի հեղինակ, կատարեց 13 գոլային փոխանցում և 2643 փոխանցում’ 86,8 % ճշգրտությամբ: Եվրոպայում այս ցուցանիշով Անդրեային շրջանցեց միայն «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին: Հետաքրքիր է’ ի՞նչ էր մտածում Պիրլոյի խաղը դիտելիս Գալիանին…

Բայց նախքան «Յուվե» տեղափոխությունը, Պիրլոն կարող էր վերադառնալ «Ինտեր»: Մեջբերում ենք ֆուտբոլիստի «Մտածում եմ, հետևաբար խաղում եմ» գրքի հետևյալ հատվածը.

« -Ալո, Անդրեա’, Լեոն է:

Զանգահարողը Լեոնարդոն էր, այդ ժամանակ «Ինտերի» մարզիչը:

-Բարև, Լեո:

-Լսիր, կարծես ամեն ինչ իր տեղն է ընկնում: Մորատտին կանաչ լույս է տվել, մենք կարող ենք սկսել բանակցությունները: Անդրեա, նոր «Ինտերում» դու գլխավոր դերում կլինես…

Այո, ես մտածեցի այդ առաջարկի մասին: Բայց դա պարզապես հնարավոր չէր: «Միլանի» երկրպագուները նման քայլի արժանի չէին, և ես պատասխանեցի.

-Շնորհակալ եմ, Լեոնարդո, բայց ես չեմ կարող»:

Անդրեա Պիրլոն’ Իտալիայի հավաքականում:

«Անդրեա Պիրլոն ազգային ֆուտբոլիստ է: Իտալիայում յուրքանչյուր մարզադաշտը նրանն է: Երկրպագուները նայում են նրան և տեսնում չեմպիոնի, տեսնում են Իտալիան: Չեմ զարմանա, եթե իմանամ, որ Պիրլոյի գիշերազգեստը Իտալիայի հավաքականի մարզահագուստի գույներով է»:

Չեզարե Պրանդելիի նման նկարագրությունը, կարծում ենք, որ բավարար է հասկանալու համար, թե ինչ ձևով է նվիրված Իտալիայի ազգային հավաքականին Անդրեա Պիրլոն:

Նորամուտն ազգային ընտրանու կազմում Պիրլոն նշել է 2002 թվականի սեպտեմբերի 7-ին’ Ադրբեջանի դեմ խաղում: Իսկ Եվրո-2004-ից’ երկրորդ խաղից սկսած, Պիրլոն դարձավ հավաքականի դեմքերից մեկը: Մինչ օրս հավաքականի կազմում Պիրլոն նվաճել է.

Եվրոպայի 2000 թվականի երիտասարդական առաջնության չեմպիոնական տիտղոս, 2004 թվականին Աթենքի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ, 2006 թվականին Աշխարհի չեմպիոնի կոչում, Եվրոպայի 2012 թվականի առաջնության արծաթե մեդալ, 2013 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարության բրոնզե մեդալ:
2013 թվականի հունիսի 16-ը Անդրեա Պիրլոյի համար հիշարժան օր էր. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության Մեքսիկայի դեմ հանդիպումը 100-րդն էր ֆուտբոլիստի համար ազգային հավաքականում: Խոհրդանշական է, որ այդ խաղում Անդրեա տուգանային հարվածից շքեղ գոլի հեղինակ դարձավ:

Այսպիսին է Անդրեա Պիրլոն. Մտածող ֆուտբոլիստը:

Առաջիկա հրապարակումներում թարգմանաբար կներկայացնենք Պիրլոյի անչափ հետաքրքիր գրքից տարբեր հատվածներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում