Պաոլո Մալդինի. Աստծո կողմից ուղարկված պաշտպանը

Պաոլո Մալդինի. Աստծո կողմից ուղարկված պաշտպանը

Պաոլո Չեզարե Մալդինի
Ծննդավայրը’ Միլան:
Հասակը’ 187 սմ, քաշը’ 85 կգ:
Ամպլուա-Պաշտպան:
Ակումբ, որի կազմում հանդես է եկել’ «Միլան»:

Ձեքբերումները

Իտալիայի յոթակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող, Միջմայրացամաքային գավաթի չեմպիոն, Իտալիայի հնգակի սուպերգավաթակիր, Իտալիայի գավաթակիր Եվրոպայի հնգակի սուպերգավաթակիր, աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր:

Պաոլո Մալդինին «Միլանի» ոչ միայն մեծագույն ֆուտբոլիստներից, այլ լեգենդներից մեկն է: Մանկուց Պաոլոն երազել է դառնալ ֆուտբոլիստ, նմանվել հորը’ «Միլանի» երբեմնի ավագ Չեզարե Մալդինիին: Քչերը կարող էին պատկերացնել, բայց կրտսեր Մալդինին իր խաղով և փառքով շրջանցեց հորը:

Պաոլո Մալդինիի կարիերան ֆուտբոլի պատմության մեջ հավատարմության ամենաիդեալական օրինակը կարելի է համարել: Այս ֆուտբոլիստի կյանքը կապված է եղել միայն մեկ ակումբի հետ’ «Միլան»: Այստեղ Մալդինին հանդես եկավ քառորդ դար’ մասնակցելով 902 պաշտոնական հանդիպման: Ֆուտբոլում նման դեպքերի շատ չես հանդիպի, իսկ «Միլանում», որտեղ կոնֆլիկտները, ֆինանսական խնդիրները ժամանակ առ ժամանակ գլուխ են բարձրացնում, առավել ևս: Մալդինիի յուրօրինակ կարիեայում վերելքների և վայրէջքների շրջաններ հնարավոր չէ նկատել’ դեռևս պատանեկան տարիքից նա կայուն, բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրել: Հետաքրքրական է, որ անգամ վնասվածքներն են շրջանցել միշտ պայքարի մեջ գտնվող աստղին: Իտալիացի ֆուտբոլասերների շրջանում ասյ առիթով տարածված խոսք կա.

«Մալդինին ծնվեց որպես աստղ, մեծացավ որպես աստղ, դարձավ աստղ և այդ աստղն իտալական ֆուտբոլում փայլելու է միշտ»:

1985 թվականի հունվարի 20-ին, երբ Պաոլոն 16 տարեկան էր, «Միլանի» գլխավոր մարզիչ Նիլս Լինդհոլմն նրան «Ուդինեզեի» հետ արտագնա խաղի (1:1) մեկնարկային կազմում դուրս բերեց խաղադաշտ: Այդ հանդիպումը Մալդինիի մեծ ճանապարհի մեկնարկն էր:
Հաջորդ մրցաշրջանից սկսած’ «Միլանի» պաշտպանության ձախ գիծն ուներ իր տիրակալը: Ֆուտբոլային շատ փորձագետների կարծիքով Մալդինին, պաշտպանությունում ցուցադրած իր խաղով, դարձավ ժամանակակից’ ուժային, արագ ֆուտբոլի հիմնադիրներից մեկը: Մալդինիի ունիվերսալությունը հաշվի առնելով «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին նրան անվանել է «Պաշտպան’ Աստծո կողմից»:

Պաոլո Մալդինին «Միլանի» սուպերտարիների կերտողներից մեկն էր: «Միլանի» հետ Մալդինին նվաճել է բոլոր հնարավոր տիիտղսները, իսկ վերջին անգամ իտալական ակումբի կազմում խաղադաշտ է դուրս եկել 2009 թվականի մայիսի 31-ին’ «Ֆիորենտինայի» դեմ արտագնա խաղում:

Երբ Պաոլո Մալդինին ընդամենը 19 տարեկան էր, առաջին հրավերը ստացավ Իտալիայի հավաքականից, որի կազմում նորամուտը նշեց 1988 թվականի մարտի 31-ին’ Հարավսլավիա-Իտալիա խաղում (1:1): Այս խաղից հետո Պաոլոն Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել է ևս 125 հանդիպման, մինչև 2002 թվականի աշխարհի առաջնությունը, որից հետ ավարտեց ելույթները հավաքականում:

 

Լեգենդի անձնական կյանքի վերաբերյալ նշենք, որ նա ամուսնացած է մոդել Ադրիանո Ֆոսսայի հետ, ունի երկու որդի’ Կրիստիանը, ով դեռ 16 տարեկան է և շարունակում է հոր ուղին, և Դանիելը, ով 12 տարեկան է, կրկին «Միլանի» ֆուտբոլային ակադեմիա է հաճախում, բայց հանդես է գալիս կիսապաշտպանությունում: Մոտ ապագայում չի բացառվում’ «Միլանի» պատմության էջերը համալրվեն հերթական աստղային Մալդինիներով:

Այժմ Պաոլոն ունի վիդեոխաղերի «Sat Games», հագուստի «Beachboys» և Կրիստիան Վիերիի հետ համատեղ «Sweet Years» խանութները: Բացի այդ լեգենդար ֆուտբոլիստը «Hollywood» դիսկոտեկի համասեփականատերն է: Հենց այստեղ են իրենց հաղթանակները հաճախ տոնում «Միլանի» ներկայիս ֆուտբոլիստները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում