Իրանի խորհրդարանը կքննարկի հիջաբի պարտադիր կրելու հարցը

Իրանի խորհրդարանը կքննարկի հիջաբի պարտադիր կրելու հարցը

Իրանի քաղաքական իշխանությունները պատրաստվում են խորհրդարանական քննարկման դնել հիջաբի պարտադիր կրման հարցը։ Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի ղեկավար Ղոլամռեզա Մոնթազերին։ Վերջինս նշել է, որ Իրանի խորհրդարանը կձևավորի հանրային մշակույթի խորհուրդ, որի պարտականությունները կներառեն հիջաբի պարտադիր կրման հարցի մշակումը: 

«Իրանի խորհրդարանի մշակութային հանձնաժողովում աշխատանքային խումբ է ձևավորվել, որը հատուկ կզբաղվի արտաքին տեսքի համեստության և հիջաբի հետ կապված հարցերով: Մշակութային հարցերը քննարկելու համար ստեղծված Հանրային մշակույթի խորհուրդը տեսքի համեստության հարցի շուրջ համընդհանուր սխեմա է մշակում։ Մենք խորհրդարանում պատրաստ ենք օգնելու, եթե օրենքում լինեն անհասկանալի կամ ոչ կառուցողական կետեր»,- մեջբերում են Մոնթազերի խոսքերը իրանական լրատվամիջոցները:

Նշենք, որ Իրանում հիջաբ և գլխաշորեր պարտադիր կրելու օրենքների դեմ արդեն գրեթե երկու ամիս հասարակական անկարգությունների մեծ ալիք է մոլեգնում։ Ամեն բան սկսվեց այն բանից հետո, երբ սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Բարքերի ոստիկանության կողմից ձերբակալված երիտասարդ մի աղջիկ՝ Մահսա Ամինին, մահացել է։ Երկրի բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրել են իշխանություններին։ Կանայք սկսեցին զանգվածաբար հրապարակել տեսանյութեր սոցիալական ցանցերում, որտեղ նրանք կտրում էին իրենց մազերը և այրում հիջաբը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում