Ռուսաստանը գրավել է Սոլեդարը․ Միջազգային ամփոփ լրահոս

Ռուսաստանը գրավել է Սոլեդարը․ Միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։

Պատերազմ Ուկրաինայում

«Վագների» ստորաբաժանումները գրավել են Սոլեդար քաղաքի ողջ տարածքը։ Այս մասին հայտարարել է մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։ Վերջինս նաև ավելացրել է, որ քաղաքի կենտրոնում դեռևս կա ուկրաինական դիմադրության օջախ, որը սակայն շրջափակված է և ոչնչացվում է։

Այսպիսով, ավելի քան երկու ամիս տևած մարտերից հետո Դոնբասի արևելքում ռուսական կողմին հաջողվում է կարևոր ձեռքբերում ունենալ և մեծ վտանգ ստեղծել այս ուղղությամբ ձևավորված ուկրաինական պաշտպանական գծի համար։ Սոլեդարի գրավումը թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ճնշումը նաև Բախմուտի և Սեվրսկի վրա՝ հետագայում ճանապարհ բացելով Սլավյանս, Իզյում, Խարկով ուղղությամբ հարձակումը շարունակելու համար։

Ալիևը պահանջում է, որպեսզի Ֆրանսիան ներողություն խնդրի Ադրբեջանից

«Պատերազմում մեր հաղթանակը Ֆրանսիայում շատերի մոտ դժգոհություն է առաջացրել։ Նայելով անցյալին՝ մենք տեսնում և կրկին համոզվում ենք, որ Մինսկի խումը՝ մասնավորապես Ֆրանսիան, ամեն ինչ անում են, որպեսզի խնդիրը լուծում չստանա»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Վերջինս նաև նշել է, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները խիստ լարվել են։ «Պատերազմի ժամանակ Ֆրանսիան բացահայտ մեղադրում և պախարակում էր մեզ։ Հիմա ես ներողություն եմ պահանջում նրանցից», – ասել է Ալիևը՝ հույս հայտնելով, որ ապագայում Ֆրանսիայում այնպիսի իշխանություններ կլինեն, որոնք կցանկանան հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ։

Գաղտնի փաստաթղթերի սկանդալ ԱՄՆ-ում

Վաշինգտոնում գտնվող վերլուծական կենտրոնների մեկում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախկին աշխատասենյակում գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել։ Ինչպես տեղեկացնում է CBS News հեռուստաընկերությունը, այդ փաստաթղթերը գտնվել են դեռևս նոյեմբերին և պարուանակում են Ուկրաինայի, Իրանի և Մեծ Բրիտանիայի վերաբերյալ ամերիկյան հետախուզության գաղտնի տվյալներ։

Գաղտնի փաստաթղթերն արդեն հանձնվել են ազգային արխիվ, սակայն ԱՄՆ արդարադատության նախարարությունը ստուգումներ է սկսել՝ պարզելու համար, թե ինչպես են պետական գաղտնի փաստաթղթերը հայտնվել մասնավոր գրասենյակում։ Բայդենն այդ աշխատասենյակը զբաղեցրել է 2017-2020թթ.-ին։ Այդ տարիներին նա արդեն չէր աշխատում ԱՄՆ նախագահի վարչակազմում։ Ամերիկյան մամուլը գրում է, որ հայտնաբերված գաղտնի այդ փաստաթղթերն են դարձել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տանն արված խուզարկության պատճառ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում