Պուտինի սպառնալիքները Մեծ Բրիտանիային․ Միջազգային լրահոս

Պուտինի սպառնալիքները Մեծ Բրիտանիային․ Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։

Իրանը նախազգուշացնում է Ադրբեջանին

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն Ադրբեջանի իշխանություններին հորդորել է զերծ մնալ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետ կապված հուզական որոշումներ կայացնելուց: «Ցանկացած որոշում, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ, պետք է զգույշ ընդունել», – շեշտել է Ղալիբաֆը։

Վերջինս նաև նշել է, որ Իրանը խորապես ցավում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար»։ Նա վստահեցրել է, որ երկիրը մանրակրկիտ և համակողմանի հետաքննում է միջադեպը։ Խորհրդարանի նախագահը նաև հայտարարել է, որ հետաքննության ընթացքում չի գտնվել որևէ  ապացույց, որը թույլ կտար կատարվածն ահաբեկչություն որակել:

Հիշեցնենք, հունվարի 27-ին Թեհրանում գտնվող Ադրբեջանի դեսպանատունը զինված հարձակման է ենթարկել, որի արդյունքում զոհվել է դեսպանատան անվտանգության ծառայության պետը։ Ադրբեջանի իշխանությունները շտապել են ահաբեկչություն որակել տեղի ունեցածը, էվակուացրել դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին և դադարեցրել դեսպանատան գործունեությունն Իրանում։

Թուրքիայի ընդդիմությունը ներկայացրել է իր ծրագիրը

Թուրքական ընդդիմությունը միավորող «Ազգային դաշինքը» հրապարակել է 240 էջերից բաղկացած նախընտրական ծրագիրը, որտեղ անդրադարձել են երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, վերլուծել տնտեսական իրավիճակն ու հանդես եկել մի շարք առաջարկություններով։

Ինչպես տեղեկացնում է թուրքական մամուլը, ընդդիմադիր «Ազգային դաշինքն» առանձին գլխով անդրադարձել է արտաքին քաղաքականությանը։ Նրանք նշել են, որ ընտրություններում հաղթանակի դեպքում պատրաստվում են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ԵՄ-ի հետ հարաբերությունները կառուցել «հավասարության հիմունքների վրա»։ Ընդդիմադիր դաշինքը նաև խոստանում է ավարտին հասցնել ԵՄ անդամակցության գործընթացը և վերանայել 2016-ին Բրյուսելի հետ կնքված միգրացիոն համաձայնագիրը։

«Միացյալ ընդդիմության հաջորդ քայլը կլինի մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի հստակեցումը։ Այդ որոշումը կհրապարակվի ընդդիմադիր վեց կուսակցությունների առաջնորդների հաջորդ հանդիպմանը՝ փետրվարի 13-ին», – այսօր հայտարարել է Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդա-հանրապետականի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Պուտինի սպառնալիքները

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ի վավերագրական ֆիլմում պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից առաջ հեռախոսազրույցի ժամանակ իրեն սպառնացել է հրթիռներով։

Վերջինս ասել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ ինքը երկարատև հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ զգուշացնելով նրան, որ Ուկրաինայում պատերազմը կատարյալ աղետ կլինի։ Ջոնսոնը նաև վստահեցրել է Պուտինին, որ կանխատեսելի ապագայում Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին։

«Ինչ-որ պահի նա սպառնաց ինձ և ասաց. «Բորիս, ես չեմ ուզում քեզ վիրավորել, բայց հրթիռով դա ընդամենը մեկ րոպե կպահանջի», կամ նման մի բան», – հիշում է Ջոնսոնը Պուտինի խոսքերը:

Արձագանքելով Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի այս խոսեքերին՝ Վ. Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ նման բովանդակության զրույց երկու երկրների ղեկավարների միջև չի եղել։ «Եվս մեկ անգամ պաշտոնապես կրկնում եմ՝ դա սուտ է: Հրթիռներով սպառնալիքներ չեն եղել։ Խոսելով Ռուսաստանի Դաշնության անվտանգության մարտահրավերների մասին՝ նախագահ Պուտինը պատասխանել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դեպքում ՆԱՏՕ-ի կամ ամերիկյան հրթիռների տեղակայումը մեր սահմանների մոտ կնշանակի, որ ցանկացած հրթիռ Մոսկվա կհասնի հաշված րոպեների ընթացքում», – մեջբերում է «Интерфакс»-ը Դմիտրի Պեսկովի խոսքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում