Հայազգի ավտոմրցարշավորդ Արթուր Գորոյանը՝ ավտոսպորտի և նպատակի մասին

Հայազգի ավտոմրցարշավորդ Արթուր Գորոյանը՝ ավտոսպորտի և նպատակի մասին

Աբու Դաբիի 6-ժամանոց ավտոմրցարշավում TCR դասում հաղթած գերմանական «Sharky-Racing» թիմի հայազգի արշավորդ Արթուր Գորոյանը վերջին օրերին Հայաստանում էր: Թռիչքից ընդամենը երկու ժամ առաջ մեր հայրենակիցը հանդիպել է լրագրողներին, պատասխանել իր մասին հարցերին:

Հայազգի ավտոարշավորդ Արթուր Գորոյանը՝ հաղթանակների մասին Հունվարի 21-ին Աբու Դաբիում կայացած 6-ժամյա մրցավազքի TCR դասում հաղթել է «Sharky-Racing» թիմը: Այս հաղթանակը մեզ համար ուշագրավ է, քանի որ թիմում հայազգի արշավորդ կա: Մրցարշավում թիմը հանդես է եկել Audi RS3 դասի մեքենայով՝ պատկերազարդված Հայաստանի դրոշով, որից հետո մեր հայրենակից Արթուր Գորոյանը որպես հաղթող հարթակ է բարձրացել եռագույնով: «Հաղթանակը միշտ կարևոր է: Դա քո աշխատանքի լավագույն արդյունքն ու գնահատականն է: Հաջողություններից հավանաբար առաջնահերթ կնշեմ 2013-ի Նյուրբուրգրինգը, որտեղ 4-ժամանոց մրցարշավում առաջին տեղը զբաղեցրի: Սա արդյունքների առումով, բայց էմոցիոնալ մակարդակում ինձ համար կարևոր էր վերջին՝ Աբու Դաբիում գրանցածս հաղթանակը», - պատմում է հայազգի ավտոարշավորդը: Գորոյանն առավել հաճախ մրցարշավներին մասնակցում է գերմանական թիմով: Նրա դիտարկմամբ՝ թիմում արշավորդները, աջակցող անձնակազմը, մեխանիկները, ինժեներները գերմանացիներ են, գերմանական են նույնիսկ մեքենաները: Մեր հայրենակիցն ինչպես վերջինում, այդպես էլ հիմնականում մրցարշավներին ներկայանում է Audi-ով: Ավտոարտադրողն էլ աջակցում է մեր հայրենակցի թիմին: «2015-ից աշխատում եմ Audi-ի գործարանում, փորձարկում եմ թեստավորման փուլում գտնվող գործարանային արտադրության մեքենաները: Ինժեներն էլ ընթացքի ժամանակ արձանագրում է՝ ինչն է պետք փոխել: Այս ընկերությունը միշտ աջակցում է ինձ ու մեր թիմի հովանավորն է»,- նշում է Գորոյանը: Հայազգի ավտոարշավորդը ավտոսպորտի այս ճյուղը Հայաստանում զարգացնելու մեծ ցանկություն ունի, միայն թե Հայաստանում դա անելու հնարավորությունն է շատ քիչ: Անելիքները շատ են, իսկ անհրաժետ ենթակառուցվածքներ ու ֆինանսներ չկան:

Արթուր Գարոյանի մամուլի ասուլիսիը Երևանում

Գորոյանը ծնունդով Ջավախքից է: Դպրոցական է եղել, երբ ընտանիքը Վրաստանից Ռուսաստան է տեղափոխվել: Մեքենայի ղեկին առաջին փորձերը ծննդավայրում են եղել:

«Պատահարներ միշտ էլ կարող են լինել, էական չէ տարիքդ ու փորձառությունդ: Որևէ վթարից ու պատահարից վախ չեմ ունեցել, դա նորմալ է: Մեր սպորտում այդպիսի միջադեպեր հաճախ են լինում», – պատմում է Գորոյանը:

Պարզվում է՝ նա նաև թռիչքների մեծ սիրահար է: Ավիասպորտը նրա հոբբիներից է, հատկապես սիրում է ուղղաթիռային սպորտը:

«Ես սիրում եմ ուղղաթիռներով թռչել, դա ինձ դուր է գալիս: Եթե ուզում եք զբաղվել ավտոսպորտով, դիմեք ֆեդերացիային, ձեզ ճիշտ ուղու վրա կդնեն, կիմանաք՝ ինչ ակումբներ ու թիմեր կան, ինչ հնարավորություններ կան: Միայնակ զբաղվելով որևէ բանով՝ նվաճումներ ունենալ չես կարող, իսկ դրանով զբաղվող մարդկանց միջավայրում դու կարող ես զարգանալ, լինել մրցակցության մեջ, կայանալ»:

Ավտոարշավորդի պրոֆեսիոնալ կարիերան մեր հայրենակիցը սկսել է Ռուսաստանում, երբ կարտինգի էր գնում ու առաջարկ ստացավ Գերմանիայում մրցումների մասնակցել: Այդ մրցարշավում զբաղեցրած 3-րդ տեղը մեր հայրենակցի համար ճակատագրական է եղել: Հայաստանի դրոշի տակ հանդես գալու համար դիմել ու ստացել է հայկական արտոնագիր, այժմ B կատեգորիայի միջազգային արտոնագիր էլ ունի:

«Ես սիրում եմ ավտոսպորտի այս ձևը: Եվրոպայում ասում են՝ որպես հայ դու համար մեկն ես ու միակը մրցարշավներում: Ավտոմրցարշավը դիմացկունության մրցարշավ է: Այստեղ կարևոր է թե արշավորդի, թե մեքենայի դիմացկունությունը: Օրինակ, ի տարբերություն ավտոսպորտի այլ տեսակների, մերում մրցում ենք միայն գործարանային արտադրության սպորտային, ոչ թե թյունինգ արված կամ արդիականացված մեքենաներով: Մենք ունենք 4, 6, 12, 24 ժամ տևողությամբ մրցումներ: Մեքենայում կարող է մեկ արշավորդ լինել, բայց թիմում թույլատրվում է մինչև 6 արշավորդ ունենալ: Մեր սպորտում առաջին հերթին պետք է դիմացկուն լինի մեքենան»:

Արթուր Գարոյանի մամուլի ասուլիսիը Երևանում

Ավտոմրցարշավում 1,5-3 ժամը մեկ նախատեսված է փիթստոպ, որի ընթացքում արշավորդը փոխվում է, սակայն 2016-ին 24-ժամանոց ավտոմրցարշավում մեր հայրենակիցը 2 անգամ 3-ական, մեկ անգամ էլ 2 ժամով՝ հանրագումարային 8 ժամ եղել է ղեկին:

«Ամենադժվարը մեր սպորտում անսպասելիությունն է: Այդ 8 ժամն ամենաերկարն է եղել, որ մրցել եմ ես: Ցանկացած պահի իրավիճակ կարող է փոխվել: Թիմը կարող է փոխել ռազմավարությունը, կարող է վառելիքը խնայելու կարիք լինի, պատահարները բացառված չեն, փոխարինող ավտոարշավորդի հետ կարող է խնդիր առաջանալ, կարող է հնարավորություն լինել ավելի լավ դիրք գրավելու, կարող է շարժիչը կամ որևէ դետալ խոտանվել: Խնդիրներն ու հավանական միջադեպերը շատ են, որոնց պատճառով կարող է անհրաժեշտություն առաջանալ ավելի երկար ղեկին մնալու: Դրան պետք է պատրաստ լինել: Մրցարշավներին հարյուրավոր մեքենաներ են մասնակցում, բայց բոլորը չէ, որ հասնում են եզրագծին», – Արթուր Գորոյանը նկատում է՝ 100-տոկոսանոց արդյունքի համար պետք է 150 տոկոսով պատրաստված լինես, – «Աբու Դաբիում 6-ժամանոց ավտոմրցարշավին մենք պատրաստվել ենք 24-ժամանոցի պես: Հաղթելու համար պետք է առավել պատրաստ լինել, քան ենթադրվում է»:

Մեր հայրենակիցը դժվարանում է ասել՝ որտեղ է ապրում՝ Ռուսաստանում, Գերմանիայում, Իտալիայում, ԱՄԷում, Հայաստանումբայց հեշտ կարող է ձևակերպել՝ ինչ նպատակ ունի: Գորոյանը ցանկանում է հաղթել ամենադժվարն ու էքստրեմալը համարվող Նյուրբուրգրինգի 24-ժամանոց մրցարշավը:

Ավտոմոբիլային սպորտը Հայաստանում զարգացնելու ցանկությունը մեծ է, բայց բավարար ֆինանսներ ու ենթակառուցվածքներ չկան: «Ավտոսպորտի հիմքը կարտինգն է: Հենց կարտինգով էլ սկսելու ենք: Նպատակ ունենք մասնակցել Դուբայի 24-ժամանոց մրցարշավին: Ուզում ենք թիմ ունենալ դրա համար: Արթուրն իր ներդրումն այս հարցում, ինչ խոսք, ունենալու է: Զարգանում է նաև դրիֆթը: Այս տարի 5-7 մրցարշավ ունենք, որոնցից մեկը կանցկացնենք Վրաստանում», - ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանի խոսքով՝ անցկացնելու են նաև դրագ-ռեյսինգի, «Time attack»-ի մրցումներ, ինչպես նաև ձևավոր վարմանը վերաբերող նախաձեռնություններ կանանց համար: Արսեն Մանուկյանը փաստում է` ավտոսպորտի զարգացվածության առումով մեր երկիրը տարածաշրջանի համեմատությամբ ցածր մակարդակում է. Հայաստանում չունենք օրինակելի չափանիշներին համապատասխանող մրցուղի: «Զարգացման ծրագիր ենք մշակել, առաջիկայում պատրաստվում ենք ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ հանդիպում ունենալ ու մեր ծրագիրը ներկայացնել կառավարությանը», - ասում է Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանն ու նկատում՝ մեր արշավորդներն իրենց մարզումներն անցկացնում են Վրաստանում. այնտեղ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածներն առկա են, - «Մեծ ցանկություն ունենք 2024-ին մասնակցել աշխարհի առաջնությանը: Մեծ աշխատանք ունենք անելու դրան ընդառաջ: Կուզեի՝ ունենայինք բյուջե, որ հայկական թիմերը ևս կարողանային ներկայանալ այդպիսի մրցումներին»: «Միջազգային ավտոարշավներ հասնելու համար առավելագույնը 1-2 տարի է պետք, եթե առկա լինեն անհրաժեշտ բոլոր պայմանները: Խորհրդային միության փլուզումից հետո շատ հայազգի մարզիկներ հեռացան՝ այլ երկրներում կարիերան շարունակելու և հաջողությունների հասնելու համար: Ինչ խոսք, նրանցից յուրաքանչյուրն, ամեն դեպքում, ներկայացնում է Հայաստան, մեր երկիրն ու մեր ներուժը ցույց տալիս աշխարհին: Բայց կուզեի, որ Հայաստանում ոչ թե պատրաստենք մարզիկներ, որոնք կհեռանան, այլ կմնան այստեղ ու կզարգացնեն իրենց մարզաձևը հայրենիքում», - ասում է վերջերս Աբու Դաբիում 6-ժամանոց ավտոմրցարշավում հաղթած Արթուր Գորոյանը: Հայազգի ավտոարշավորդը Հայաստանից դուրս հաջողության հասած հայ ավտոարշավորդների փորձն ու ներուժը Հայաստանում կենտրոնացնելու նպատակ ունի: «Առայժմ միայն մեկի անունը կտամ՝ Նիկոլայ Մինասյանի: Նա Ֆորմուլա 1-ի մեքենաների թեստավորմամբ է զբաղվել, մրցումներ է հաղթել: Ի դեպ, Աբու Դաբիի 6-ժամանոց ավտոարշավում մեր մեքենայի վրա ՀՀ դրոշի պատկերումը նրա գաղափարն էր: Մնացած հայազգի արշավորդների հետ դեռ հստակ պայմանավորվածություններ չկան, բայց բոլորիս ցանկությունը մեկն է՝ Հայաստանում զարգացնել մեր սպորտաձև: Չեմ ուզում փակագծեր բացել, միայն կասեմ, որ Իտալիայի մրցաշարում մենք 3 հայ ավտոարշավորդ կունենանք»:

Արթուր Գարոյանի մամուլի ասուլիսիը Երևանում

Հետևեք մեզ նաև Telegram-ում