Վրաստանում կրկին բորբոքվում են ներքաղաքական կրքերը

Վրաստանում կրկին բորբոքվում են ներքաղաքական կրքերը

Հարյուրավոր քաղաքացիներ այսօր դուրս են եկել փողոց՝ բողոքելու Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն կալանքի տակ պահելու դատարանի որոշման դեմ։

Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, քաղաքացիները հավաքվում են Վրաստանի կառավարության շենքի դիմաց։ Մարդկանց հոսքը չի դադարում։

Նշենք, նախօրեին Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պատիժը չեղարկելու կամ հետաձգելու մասին հայցը։ Սաակաշվիլու պաշտպաններն ու բժիշկները պնդում են, որ նախկին նախագահին շտապ բժշկական օգնություն է պետք և որ նրան այդ նպատակով անհրաժեշտ է տեղափոխել արտասահման։

Դատարանի վճռից հետո վրացական խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Ազգային շարժումը», բոյկոտել է խորհրդարանական աշխատանքները և հայտնել փողոց դուրս գալու մասին։ 

«Բիձինա Իվանիշվիլին որոշել է կատարել Պուտինի հանձնարարությունը և Պուտինի դեմ կռվող գլխավոր հրամանատարին, փաստորեն, մահվան դատավճիռ կայացրել։ Հետևաբար «Ազգային շարժումը» կոնկրետ որոշումներ է կայացրել ու Բիձինա Իվանիշվիլին և նրա խամաճիկային ռեժիմը պետք է լավ հիշեն դա», – հայտարարել է «Ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլին։

Վերջինս նաև հանրությանն է ներկայացրել Վրաստանի մայրաքաղաքում և տարբեր քաղաքներում անցկացվելիք բողոքի ցույցերի ժամանակացույցը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, իր հերթին, ստեղծված իրավիճակի համար մեղադրում է թե՛ ընդդիմության և թե՛ իշխանության ներկայացուցիչներին։ «Մեղավոր են և՛ նրանք, ովքեր համոզել են Սաակաշվիլուն վերադառնալ Վրաստան, և՛ նրանք, ովքեր թույլատրել են նրա մուտքը երկիր և պատանդ վերցրել նախկին նախագահին», – հայտարարել է Զուրաբիշվին։ Վրաստանի նախագահը նաև պնդել է, որ երկիրը դարձել է այդ միակ հարցի գերին՝ մոռացության մատնելով Վրաստանի համար իրական կարևորություն ունեցող խնդիրները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում